Բռնություն են գործադրել Գավառի և Մարտունու ոստիկանապետերի նկատմամբ

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում գազի մատակարարման կորուստների վերացման հարցը վերաճել է ծեծկռտուքի ոստիկանության աշխատակիցների, համայնքի ղեկավարի և մի խումբ բնակիչների միջև: Ծեծկռտուքի ժամանակ բռնություն է գործադրվել Ոստիկանության Գավառի և Մարտունու բաժինների պետերի նկատմամբ: Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Այժմ ՀՀ քննչական կոմիտեում քննություն է ընթանում՝ պարզելու մի խումբ անձանց կողմից իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալով զուգորդված խուլիգանություն կատարելու, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի բոլոր հանգամանքները:

Նշվում է, որ 2020թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները Ծովագյուղ համայնքի հարակից՝ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի դաշտամիջյան հատվածում ծառայություն են իրականացրել՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության գազափոխադրման համակարգում առկա կորուստների նվազեցման ծրագրի շրջանակում «Ծովագյուղ» գազի բաշխման կայանում և հարակից տարածքում անհրաժեշտ աշխատանքներ կատարելու ընթացքում հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու համար:

«Այդ ընթացքում Ծովագյուղ համայնքի ղեկավարը, տեղեկանալով իրականացվող աշխատանքների մասին, շուրջ 30-50 անձանց հետ եկել է նշված վայր և առերևույթ խոչընդոտել՝ խուլիգանական դրդումներով, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով, ինչպես նաև՝ սպառնացել «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության աշխատակցին», – ասված է հաղորդագրության մեջ:

Նշված անձինք, համաձայն ՔԿ հաղորդագրության, «Գազպրոմ Արմենիա»-ի և Ոստիկանության աշխատակիցներին հայհոյել ու քաշքշել են, այդ ընթացքում հարվածել և կոտրել են ընկերությանը պատկանող «Բելառուս ՄՏԶ-82» մակնիշի տրակտորի ետևի հողմապակին:

Միջադեպի մասնակիցներից մեկը բռունցքով հարվածել է Ոստիկանության Գավառի բաժնի պետի ձախ աչքի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք, իսկ համայնքի ղեկավարը հայհոյել և փորձել է հարվածել Ոստիկանության Մարտունու բաժնի պետին, ինչը կանխել են ոստիկանության ծառայողները:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ խուլիգանություն և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով:

Մեկնաբանել