Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց երկու ամսով

Առաջին ատյանի դատարանն այսօր բավարարեց ԱԱԾ քննիչի միջնորդությունը՝ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։

Ծառուկյանը դատարան չէր եկել, փոխարենը գնացել էր Ազգային անվտանգության ծառայություն, որտեղ էլ նրան կալանավորեցին։ ԱԱԾ-ի դիմաց նա հայտարարեց, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

«Սաղի ցավը տանեմ, ամեն մեկը պատասխան է տալու, դուխներդ տեղը պահեք։ Խաբելով, ֆռցնելով երկիր չես կարող պահել։ Ես նորից եմ ասում՝ ոնց մարդիկ մտածեն, իրանց անօրինական որոշման համար, ես ձեր ցավը տանեմ, դուխներդ տեղը»,- ասած ԱԺ-ում մեծությամբ երկրորդ քաղաքական ուժի ղեկավարը։

Ըստ քրեական գործի՝ Գագիկ Ծառուկյանը, լինելով «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ղեկավար և դրա կազմում ընդգրկված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ 2017-ի ապրիլի 2-ի ընտրություններին իր ղեկավարությամբ գործող կուսակցությունների դաշինքի և ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների օգտին քվեարկելու համար, ընտրողներին կաշառք տալու նպատակով, ընտրություններին նախորդող ժամանակահատվածում ստեղծել և ղեկավարել է կազմակերպված խումբ, որի կազմում ընդգրկել է «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական և տարածքային մարմինների աշխատակիցների և այլ անձանց։