Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Ալ Ջազիրա» լրատվականին

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Ալ Ջազիրա» լրատվականին:

Նա մասնավորապես ասել է. «Այսօր առավոտյան տեղի ունեցածն Ադրբեջանի՝ իր առավելապաշտական դիրքորոշումն ագրեսիվ կերպով առաջ մղելու մտադրությունների ապացույցն է, որը ուղղված է մեր ժողովրդի անվտանգության դեմ: Մենք հետևողականորեն պնդում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմքը մեր ժողովրդի անվտանգությունն է, և այսօր ևս մեկ անգամ ապացուցվեց, որ մենք պետք է ապահովենք անվտանգությունը մեր հայրենակիցների՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, ովքեր հաստատակամ են հակադարձելու այս ագրեսիային՝ իրենց անվտանգությունը, ազատությունը պաշտպանելու համար: Եվ այս ագրեսիան ոչ միայն կանխամտածված էր Ադրբեջանի կողմից, այլև ուղեկցվում է Թուրքիայի մեծածավալ աջակցությամբ, որն իր ռազմական ներկայությունն ունի Ադրբեջանում, որն ի ցույց է դնում իր միակողմանի աջակցությունն Ադրբեջանին և ագրեսիվ դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ: Սա չափազանց մտահոգիչ է, սա լայնածավալ էսկալացիա է, որի ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը»:

Նախարարը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու է իր յուրաքանչյուր թիզ հողը և իր անվտանգությունը, և Հայաստանն այդ ամենի երաշխավորն է:

Մեկնաբանել