Որևէ կենդանի զինվորական մեր կողմում գերության մեջ չկա․ Արծրուն Հովհաննիսյան

Այս պահի դրությամբ ունենք մոտ 200 վիրավոր, որոնց մի մասը տեղափոխվել է Երևան․ այս մասին սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած  ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:

Վիրավորները գտնվում են զինվորական հոսպիտալներում, ինչպես նաև քաղաքացիական հիվանդանոցներում։

Հովհաննիսյանը նշեց՝ կեղծ են այն տեղեկությունները, որ հայկական կողմն ունի հարյուրավոր զոհեր։

«Դա կեղծիք է, յուրաքանչյուր հաստատված տվյալ հրապարակվում է»։ 

Նրա խոսքով՝  ադրբեջանական կողմը չի դիմել իրենց զինվորների դիերը տարհանելու խնդրանքով, թեև պաշտոնապես հայտարարվել է` հայկական կողմում կան թողնված բազմաթիվ դիակներ։ 

Ճեպազրույցի ընթացքում Արծրուն Հովհաննիյանը անդրադարձավ նաև մամուլում շրջանառվող լուրերին, որ հայկական կողմը գերի է վերցրել ադրբեջանցի սպայի։

«Որևէ կենդանի զինվորական այս պահին մեր կողմում գերության մեջ չկա, բայց քանի որ կան բազում դիեր, այս պահին որևէ հստակ բան ասել չեմ կարող»։

Խոսելով հեռախոսացանցերի ծանրաբեռնվածությունից՝ նա կոչ արեց չփորձել ամեն րոպե կապ հաստատել զինծառայողների՝ մասնավորապես շարքայինների հետ, քանի որ այդ կերպ հնարավոր է վտանգի ենթարկել հենց զինծառայողի կյանքը։