Մենք վստահ ենք մեր ռազմական ուժի, մեր ազգի հաղթական ոգու վրա․ ՀԲԸՄ

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը սանձազերծել է լայնամասշտաբ հարձակում Արցախի Հանրապետության ուղղությամբ։ Ստեփանակերտի և այլ քաղաքների խաղաղ բնակչությունը և քաղաքացիական օբյեկտները նույնպես թիրախավորվել են։ Մեր քաջ զինված ուժերը հաստատակամորեն պատասխան հարված են հասցնում և բավականաչափ վնասներ պատճառում տխրահամբավ հակառակորդին՝ ետ պահելու համար նրան կործանիչ պատերազմի ճանապարհից։

Այս դժվարին և փորձություններով լի պահին, յուրաքանչյուր հայ, որտեղ էլ որ ապրելիս լինենք, պետք է կանգնենք մեր հայրենիքի կողքին և առաջարկենք հնարավոր ցանկացած օժանդակություն։ Բոլոր կազմակերպությունները պետք է իրենց արդար բաժինը ներդնեն՝ պաշտպանելու համար մեր հողերը, տները և ազգային արժանապատվությունը։ Մենք վստահ ենք մեր ռազմական ուժի, առաջնորդների իմաստության և մեր ազգի հաղթական ոգու վրա։

ՀԲԸՄ կենտրոնական վարչությունը իր լիակատար աջակցությունն է հայտնում Հայաստանի և Արցախի կառավարություններին և կոչ անում միավորել ջանքերը՝ դիմելու միջազգային հանրությանը՝ միանշանակ դատապարտելու համար Ադրբեջանի ղեկավարությանը։ Միությունը զորություն է»,- ասված է հայտարարությունում։

Մեկնաբանել