Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարող լուծվել ուժային ճանապարհով․ Մեդվեդև

Արցախում ընթացող ռազմական գործողութունների մասին գրառում է կատարել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության նոր փուլը հերթական անգամ հանգեցրեց արյունահեղության, մարդկանց մահվան։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարող լուծվել ուժային ճանապարհով։ Կարգավորումը պետք է իրագործվի բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով։ Մեկ անգամ չէ, որ դրանում համոզվել եմ, այդ թվում երբ երկու երկրների ղեկավարների բանակցություններում Ռուսաստանի Դաշնությունից միջնորդն էի։ Այժմ բոլոր կողմերը պետք է հանդարտվեն։ Ամենից առաջ հարկավոր է դադարեցնել կրքերի բորբոքումը, զերծ մնալ ռազմական հռետորաբանությունից, միասնական ուժերով կանգնեցնել հակամարտության ռազմական բաղադրիչը։ Հակառակ դեպքում տարածաշրջանում հնարավոր չի լինի խուսափել աղետալի հետևանքներից։

Այսօր հարկավոր է օգտագործել բոլոր հնարավորությունները ճգնաժամից դուրս գալու լուծում փնտրելու համար՝ և՛ համանախագահության մեխանիզմ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, և՛ երկկողմանի ձևաչափ՝ ի նկատի ունենալով, որ Հայաստանը և Ադրբեջանը մեր հարևաններն ու մոտ դաշնակիցներն են»,- գրել է նա։

Մեկնաբանել