Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 26-ին հարցազրույց էր տվել Հ1-ի հաղորդավար Պետրոս Ղազարյանին, որը պետք է հրապարակվեր սեպտեմբերի 27-ի երեկոյան։ Արցախում սկսված պատերազմի պատճառով հարցազրույցը չէր հրապարակվել։ Դրանից մի հատված, որ վերաբերում է Փաշինյան-Ալիև հանդիպմանը, հրապարակվել է այսօր։ Տեքստի սղագրությունը՝ ստորև։
– Պարոն Փաշինյան, վերջին օրերին համացանցը կրկին ցնցված է, ցավոք սրտի, Haqqin.az-ի հրապարակումով, և Ձեզ մեղադրում են այն հոդվածով, որ Դուք գաղտնի բանակցել եք Ալիևի հետ, էմիսարներ եք ուղարկել, իսկ Դուք միշտ ասել եք, որ թափանցիկ եք աշխատում ղարաբաղյան հարցում և բոլոր հարցերում։ Եվ երկրորդ՝ Դուք այնտեղ բանակցում եք փուլային տարբերակ, պայմանավորվել եք շրջաններ հանձնել։ Ձեր մեկնաբանությունը։
– Ես վերջերս անդրադարձա տեղեկատվական անվտանգության խնդիրներին և ասացի, եթե որևէ մի տեղ՝ նույնիսկ երրորդական կայքում, հոդված հրապարակվի, որ Արցախը վաճառել են, դա Հայաստանում փոթորիկներ կառաջացնի։ Այդ հրապարակման իմաստն այն էր, որ իբր իմ խորհրդականներից մեկի միջոցով գաղտնի բանակցություններ են վարվել։ Ես ուզում եմ հստակ ընդգծել, որ Արցախի հարցի վերաբերյալ բանակցություններ վարելու լիազորություն մեր կառավարությունում հեղափոխությունից հետո ունեցել է երկու անձ՝ մեկը՝ արտաքին գործերի նախարարը, մյուսը՝ ես։
Որևէ երրորդ անձ որևէ բանակցություն վարելու, քննարկում վարելու լիազորություն չի ունեցել։ Եվ դա կատարյալ անհեթեթություն է։
Ընդգծեմ, որ ևս մի պաշտոնյա՝ Անվտանգության ծառայության տնօրենը, որոշակի դերակատարում է ունեցել Ձեզ հայտնի օպերատիվ կապի ապահովման գործում իմ և Ադրբեջանի նախագահի միջև։ Բայց դա եղել է որոշակի սպասարկող գործառույթ, այսինքն՝ նա լիազորություն չի ունեցել Ղարաբաղի հարցի վերաբերյալ բանակցելու։ Եվ դա իհարկե կտարյալ անհեթեթություն է։
– Պարոն վարչապետ, բայց Դուք, կարծես թե, անուղղակի պատասխանելով այդ ամենին՝ ասում եք՝ Ալիևը թող չբացի այդպես փակ պայմանավորվածությունը, որովհետև եթե մենք բացենք․․․
-Ո՛չ, ես ասել եմ «այսպես ասված կոնֆիդենցիալ տեղեկատվություն», և իմ կողմից խոսել եմ առանց չակերտների կոնֆիդենցիալ տեղեկատվության մասին, այսինքն՝ դա ակնհայտ բան է։ Ես այդ հրապարակումը առաջնայինը չէ, որ նկատի եմ ունեցել չակերտավոր՝ որպես կոնֆիդենցիալ տեղեկատվություն, և կա մի հանգամանք, որի մասին ես երկու տարի չէի խոսում՝ կոռեկտությունից ելնելով, բայց հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի անհասկանալի պահվածքը՝ ես հիմա կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է դրա մասին խոսել։
Ասում է, որ ես Դուշանբեում և ընդհանրապես 2018 թվականի հեղափոխությունից հետո կամ ժամանակ եմ խնդրել կամ․․․
– Հայաստանում Ձեր գործերը կարգավորելու համար։
-Այո, ժամանակ եմ խնդրել․․․ Դուշանբեում, երբ որ այդ պայամանվորվածությունը տեղի ունեցավ, պարզ է, որ Հայաստանը շահագրգիռ է, որ հրադադարի ռեժիմը պահպանվի։ Բա Ադրբեջանը ու Ադրբեջանի նախագահը ինչո՞ւ էր շահագրգիռ, որ այդ պայմանավորվածությունը տեղի ունենա։ Եվ մեր ընդդիմադիր որոշ շրջանակներ վերլուծելով հասկանում են, որ միակ տարբերակը դա է, որ ինչ-որ դավադրություն է տեղի ունեցել․ և Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ձայնակցում է դրա հետ։ Եվ հիմա կարծում եմ, որ կարելի է մի շատ կարևոր նյուանս բացել, թե ով ում է իրականում խնդրանքով դիմել Դուշանբեում։
Իրականում ոչ թե ես եմ խնդրանքով դիմել Ադրբեջանի նախագահին, այլ Ադրբեջանի նախագահն է խնդրանքով դիմել ինձ։ Հիմա այդ խնդրանքի իմաստը եղել է հետևյալը՝ եթե հիշում եք այդ ժամանակաշրջանում Երևանի քաղաքապետի ընտրություններ էր, և գործնականում ամեն օր մենք հանրահավաքներ էին ունենում։ Այնպես ստացվեց, որ մի շարք հանգամանքների բերումով դրանից առաջ էլ ես մի շարք ելույթներով անդրադառնում էի Ադրբեջանում տիրող իրավիճակին, փորձում էի, այսպես ասած, խոսակցություն ծավալել Ադբեջանի ժողովրդի հետ և որոշակի քննադատական խոսքեր էի հնչեցնում Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Եվ Ալիևի շահագրգռությունը, այնտեղ ինչ-որ համաձանություն կայանա, մի բանի վերաբերյալ էր, որ ինքը ինձ խնդրի, որպեսզի ես Ադրբեջանի վերաբերյալ և Ադրբեջանի վերաբերյալ այդ ելույթներից ձեռնպահ մնամ։ Ինչու՞։ Շատ պարզ պատճառով․ հեղափոխությունը նոր էր տեղի ունեցել, ամբողջ աշխարհը՝ առավել ևս տարածաշրջանի ընդդիմադիր ուժերը ոգևորված էին իրադարձությամբ, ադրբեջնական սոցիալական ցանցերում քննարկվում էր, որ այս ալիքը շուտով կհասնի Ադրբեջան, և Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը մտավախություն ուներ, որ այդ ելույթները իսկապես կարող են որոշակի քաղաքական պրոցեսներ հրահրել Ադրբեջանում։
-Ալիևը Ձեզ անձա՞մբ է խնդրել։
-Այո։ Եվ Դուշանբեի համաձայնությունների կետերը ես ինքս եմ գրել ձեռագրով բլոկնոտի վրա, և մենք այդ կետերը քննարկել ենք և արձանագրել ենք, որ մենք եկանք համաձայնության։ Գո՞հ եմ, որ այդպիսի համաձայնություն է ձեռք բերվել, թե՞ ոչ՝ այո, որովհետև նախ Ադրբեջանի ներքին հարցերը ամենևին էլ իմ օրակարգի հարցերը չեն, և երկրորդը՝ դրա արդյունքում զինվորների, հայ զինվորների կյանքեր են խնայվել, և ես դրա համար գոհ եմ։ Բայց այստեղ ամբողջ կոնտեքստը ինչն է, որ այսօր Ադրբեջանի նախագահն ասում է, որ ինքն այն ժամանակ չօգտվեց առիթից, հնարավորություն տվեց Հայաստանին, հետհեղափոխական այդ խառը իրավիճակից չօգտվեց և մեծահոգաբար հնարավորություն տվեց, որպեսզի հետհեղափոխական իշխանությունը կայանա։ Իրականում հակառակն է եղել, Ալիևը այդ ժամանակահատվածում ոչ Ղարաբաղի հարցով էր մտահոգված, ոչ էլ ուրիշ բաներով։ Նա մտահոգված էր մի հարցով, որ հեղափոխական ալիքը Ադրբեջան չհասնի։ Եվ այս փաստը և հետագա փաստերը ի վերջո գալիս են ի ցույց դնելու, որ Ղարաբաղի հարցը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ոչ թե Ադրբեջանի ազգային շահերի հարց է, այլ ընդամենը սեփական իշխանությունը և բռնատիրական համակարգը պահպանելու միջոց և մենք այսօր էլ ենք այդ իրավիճակը տեսնում։