Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին քիչ առաջ ուղարկեցի հատուկ հաղորդում Լեռնային Ղարաբաղում (Արցախում) մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ, որ առաջացել է երեկվանից ադրբեջանական ռազմաօդային և հրետանային, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության նկատմամբ թիրախային ագրեսիվ հարձակումների հետևանքով. այս մասին գրառում է կատարել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Սա հատուկ ընթացակարգ է, ու այսպիսի հնարավորություն ունեն բացառապես «A» միջազգային կարգավիճակ ունեցող Մարդու իրավունքների ազգային հաստատությունները»,-նշվում է հրապարակման մեջ:

Հաղորդումն ուղարկվել է նաև միջազգային այլ կառույցների:

«Դրանում ներկայացված են Արցախի քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական թիրախային հարձակումները՝ համապատասխան փաստերով ու լուսանկարներով: Հաղորդման մեջ եզրահանգումներ են արված այն մասին, որ իրական վտանգի տակ են երեխաների, կանանց, տարեցների ու, առհասարակ, ողջ խաղաղ բնակչության կյանքն ու առողջությունը, նրանց սեփականությունը, դպրոցներն ու այլ քաղաքացիական օբյեկտները»,-գրել է ՄԻՊ-ը: