Հակառակորդը դիրքային առաջխաղացում չի ունեցել․ Արայիկ Հարությունյան

Տեղեկատվական շտաբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց՝ Մռավից մինչ Օմար լայնածավալ ռազմական գործողություններ են, երեկ գիշեր հայկական զինուժը վերականգնել է նախկինում կորցրած դիրքերը։

«Տակտիկական իմաստով հակառակորդը դիրքային առաջխաղացում չի ունեցել, մենք ևս շատ կարևոր դիրք կամ առաջխաղացում չենք ունցել, բայց վնասազերծել ենք մեծ քանակի զինտեխնիկա ու մարդկային ուժ»,- հայտարարել է Արայիկ Հարությունյանը։

Խոսելով սոցցանցերում տարածվող այն տեղեկության մասին, որ հայկական կողմը կարողացել է հետ գրավել 2016-ի ապրիլյան պատերազմի ընթացքում կորցրած Լելե Թեփե բարձրունքը, Հարությունյանը չցանկացավ դա մեկնաբանել՝ ասելով, որ լայնածավալ ռազմական գործողություններ են՝ դրան բնորոշ դիրքային փոփոխություններով և ներկայում «դիրք վերցնել կամ տալը ժամանակավոր բնույթ է կրում»։

Արցախի նախագահի պնդմամբ՝ Ադրբեջանն այսօր ավելի քան 50 տանկ է օգտագործել, իսկ Պաշտպանության բանակը կարողացել է խոցել «տասնյակ տեխնիկաներ»․ «Երևի առիթ ունեցել եք տեսնելու, հարավային ուղղությամբ տասնյակ տանկեր են գալիս, խփում ենք, նորից են գալիս»։ Նրա խոսքով՝ անգամ դժվար է հաշվելը, թե քանի տեխնիկա է խփվում։

Հարությունյանն ասաց, որ Ադրբեջանը շատ երկար ժամանակ է պատրաստվել այս պատերազմին ու որպես օրինակ բերեց այն, որ Արցախի կապի ենթակառուցվածքները խոցելու համար երկար ժամանակ պատրաստվել էր պետք։

«Սա կենաց-մահու պատերազմ է, ու այս պատերազմը մենք հաղթելու ենք, մենք կռվում ենք թուրք-ադրբեջանական համատեղ ուժերի դեմ»,- շեշտեց Արայիկ Հարությունյանը՝ կոչ անելով պատրաստվել ծանր ու երկար մարտերի։ Նա նաև տեղեկացրեց, որ մի շարք գեներալներ կապ են հաստատել Պաշտպանության բանակի հետ՝ առաջարկելով իրենց օգնությունը, որն ընդունվել է։

Անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախի ճանաչման մասին լրագրողի հարցին, Հարությունյանն ասաց․ «Քննարկումները շարունակվում են։ ՄԵզ համար այսօր ամենակարևորը անվտանգությունն է։ Կճանաչեն, չեն ճանաչի, մենք պետք է հաղթենք այս պատերազմը։ Հաղթելուց հետո կամ ընթացքում կորոշենք այդ հարցը»։

Մեկնաբանել