Կրեմլը կոչ է անում Թուրքիային չներգրավվել ղարաբաղյան հակամարտությունում

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում երրորդ երկրների ռազմական ակտիվության մասին ցանկացած հայտարարություն «յուղ է լցնում կրակի վրա»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԲԿ-ն:

Նա այդպես է պատասխանել հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել հակամարտության որևէ կողմին այն բանից հետո, երբ Թուրքիան աջակցեց Ադրբեջանին։ «Որևէ ռազմական ակտիվության մասին ցանկացած հայտարարություն միանշանակ յուղ է լցնում կրակի վրա։ Մենք կտրականապես դեմ ենք նման ակտիվությանը։ Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին դադարեցնել… և վերադառնալ հակամարտության խաղաղ կարգավորմանը քաղաքական-դիվանագիտական միջոցներով։ Մենք կտրականապես դեմ ենք դրան, և մենք համաձայն չենք հարցի նման ձևակերպման հետ», – հայտարարել է Պեսկովը ։

Նա նաև նշել է, որ Մոսկվան մշտական կապի մեջ է Բաքվի, Երևանի և Անկարայի հետ: «Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին, հատկապես մեր գործընկեր երկրներին, ինչպիսիք են Թուրքիան, անել ամեն ինչ, որպեսզի հակամարտող կողմերին համոզենք դադարեցնել կրակը և վերադառնալ այդ հնացած հակամարտության խաղաղ կարգավորմանը քաղաքական-դիվանագիտական միջոցներով»,- նշել է Պեսկովը:

Այսօր ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան պատրաստ է աջակցել Ադրբեջանին ինչպես բանակցությունների սեղանի շուրջ, այնպես էլ մարտի դաշտում: «Մենք ցանկանում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցն արմատապես լուծվի։ Մենք միշտ եղել ենք Ադրբեջանի կողքին՝ թե ռազմի դաշտում, թե բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք կշարունակենք այդ համերաշխությունը»,- ասել է Չավուշօղլուն։

Մեկնաբանել