790 մարդ, 137 տանկ, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ և 3 ինքնաթիռ․ Արծրուն Հովհաննիսյանը՝ հակառակորդի կորուստների մասին

Ընդհանուր առմամբ՝ պատերազմի սկսելու առաջին պահից ի վեր, հակառակորդը կորցրել է կենդանի ուժ՝ 790 մարդ, որից 180-ը Քարվաճառի ուղղությամբ, որտեղ ընթացել են բավականին համառ և դժվար մարտեր, մոտավոր տվյալներով կա 1900 վիրավոր․ այս մասին հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը սեպտեմբերի 29-ին հրավիրված ասուլիսին։ Նա ասաց, որ հայկական կողմից մարդկային կորուստների մասին տեղեկատվությունը կտրամադրվի առավոտյան։

Ըստ նրա՝ հայկական ստորաբաժանումները հակատանկային տարբեր միջոցներով, նաև՝ ոչ հակատանկային միջոցներով՝ հրետանային միջոցներով, տանկեր են խոցել՝ 137 տանկ և զրահատեխնիկա, ոչնչացվել է ադրբեջանական 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ և 3 ինքնաթիռ։

Հովհաննիսյանը արձանագրեց, որ այս օրը աննախադեպ էր, քանի որ հարձակման ենթարկվեց նաև Հայաստանի Հանրապետության տարածքը՝ Վարդենիսի տարածաշրջանը, կիրառվեցին ավիացիոն, հրթիռային և օդային հարձակման այլ միջոցներ՝ մասնավորապես մարտական ԱԹՍ-ներ։

Այսպիսով, ընդհանուր առմամբ, մարտերը շարունակվում են, մեր զինված ուժերը հստակ կատարում են իրենց մարտական խնդիրները, հակառակորդի հարձակողական բոլոր գրոհները, փորձերը հետ են մղվում՝ համապատասխան կորուստներ պատճառելով։

«Մենք էսօր աշխատեցինք Վարդենիսի ուղղությամբ, ցուցադրեցինք կադրերը՝ ինչպես է թիրախավորվում խաղաղ բնակչությունը, քաղաքացիական ենթակառուցվածքները՝ ավտոբուս, գյուղի ջրատար և այլն։ Դա ի ցույց ենք դրել ամբողջ աշխարհին»,- ասաց Հովհաննիսյանը։

«Ցավոք այսօր ունեցանք նաև կորուստներ․ թուրքական ռազմաօդային ուժերին պատկանող F16 կործանիչը, որոնց մասին բարձրաձայնվել էր մեր կողմից, գտնվում էին Ադրբեջանի տարածքում, և առաջին իսկ օրվանից մասնակցել էին ադրբեջանական օդուժի և այլ հարձակողական միջոցների համակարգմանը, այսօր խոցել են ՀՀ ռազմաօդային ուժերին պատկանող ՍՈւ-25 գրոհիչը։ Ցավոք օդաչուն մահացել է։ Ադրբեջանը շտապեց հերքել, ընդ որում հերքել շատ անհնարամիտ և ծիծաղելի բառապաշարով՝ նշելով, որ նման ինքնաթիռ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի մեջ չկա։ Մենք շատ լավ գիտենք, որ դրանք Ադրբեջանին չեն պատկանում, դրանք պատկանում են Թուրքիայի ռազմաօդային ուժերին և այդ մասին հստակ նշեցինք»։

ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ այս պահին մեր կորուստները ամփոփվում են, կներկայացվեն վաղը առավոտյան։

Սաթենիկ Հակոբյան

Մեկնաբանել