Թոմաս դե Վաալ․ Երկու նոր հանգամանք, որ խորացնում են Ղարաբաղյան հակամարտությունը

Ղարաբաղյան հարցի գիտակ, Կարնեգի հիմնադրամի գիտաշխատող Թոմաս դե Վաալը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում նոր բռնկված պատերազմի մասին հոդված է հրապարակել Carnegie.ru կայքում, որտեղ հարցադրում է անում, թե «ինչու հենց հիմա» այն սկսվեց։ «Առաջին հերթին այն պատճառով, որ փոխադարձ գրգռվածությունը վաղուց էր կուտակվել, երկրորդ՝ այն պատճառով, որ հիմա եկել է հատուկ պատմական պահ»,- գրում է նա։ Հոդվածից որոշ հատվածներ թարգմանաբար՝ ստորև։

Իրավիճակը խորացնում է երկու նոր հանգամանք։ Առաջինն այն է, որ ի տարբերություն այն երկրների մեծամասնության, որոնք ավանդաբար կոչ են անում ապաԷսկալացման և ռազմական գործողությունների դադարեցման, այս անգամ տարածաշրջանում ազդեցիկ տերություն էրդողանական Թուրքիան բացահայտ աջակցում է հակամարտության կողմերից մեկին՝ Ադրբեջանին։

Գրեթե 30 տարի է, ինչ Թուրքիան անդամակցում էր ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ ղարաբաղյան հակամարտության միակ միջազգային միջնորդին։ Թուրքերը միշտ էլ քաղաքականապես աջակցել են Ադրբեջանին, բայց միաժամանակ զսպել են նրան՝ խաղաղ լուծման կոչ անելով։ Հիմա ամեն ինչ փոխվել է, և հակամարտության գոտում աշխարհաքաղաքական հավասարակշռությունը խախտվել է։

Երկրորդ նոր հանգամանքն այն է, որ հակամարտությունից, հակառակ սովորության, հեռացել է Միացյալ Նահանգները։ 1998-ից Վաշինգտոնը Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկն է։ 2001-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպում են ունեցել Ֆլորիդայում՝ Քի Վեսթում, որտեղ միջնորդ էր ԱՄՆ-ը: Այդ ժամանակ նույնիսկ հույս առաջացավ, որ հակամարտությունը կհաջողվի կարգավորել։ Սակայն այս անգամ՝ սեպտեմբերի 27-ին ԱՄՆ-ը խոշոր տերություններից վերջինը եղավ, որը հանդես եկավ Ղարաբաղում իրավիճակի մասին հայտարարությամբ։

Սա ցույց է տալիս, որ Վաշինգտոնն ընդհանուր առմամբ կորցրել է հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ: Չի բացառվում նաև, որ ԱՄՆ ներկայիս նախագահը, որը ժամանակին ներդրում է կատարել Բաքվում Թրամփի աշտարակում, պատրաստ է Հայաստանը և Ադրբեջանը դիտարկել բացառապես բիզնես շահերի տեսանկյունից։

Բացի այդ, սա եւս մեկ անգամ հաստատում է, որ ԱՄՆ-ն այլեւս չի զբաղվում տարածաշրջանային հակամարտությունների մարմամբ։ Ի վերջո, Ղարաբաղն արդեն երրորդ կոնֆլիկտային գոտին է՝ Լիբիայի ու Սիրիայի հետ մեկտեղ, որտեղ Թուրքիան բախվում է Ռուսաստանի հետ։

Ինչ վերաբերում է ԵՄ-ին, ապա իԻ տարբերություն Բալկանների, նա երբեք նկատելի դեր չի խաղացել ղարաբաղյան հակամարտությունում։ 1990-ականներին, երբ հակամարտությունը նոր էր սկսվում, Եվրամիությունը դեռ չուներ նրա ներկայիս աշխարհաքաղաքական հավակնությունները։ 1998-ին Ֆրանսիան դարձավ Մինսկի խմբի երրորդ համանախագահը, սակայն Փարիզը չի առանձնանում հակամարտության նկատմամբ կայուն հետաքրքրությամբ՝ չնայած Ֆրանսիայի նախագահների պարբերական ջանքերին։

Ռուսաստանը և հատկապես Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մնում են ամենաակտիվ միջնորդն ու միակ կողմը, որը կարող է համոզել Հայաստանին և Ադրբեջանին հրադադարի մասին նոր համաձայնագիր կնքել։ Սակայն Մոսկվան խիստ սահմանափակված է իր գործողություններում Բաքվի եւ Երեւանի հետ նրա բարդ երկկողմ հարաբերությունների այլ հարցերով, որոնք, բացի այդ, միշտ կասկածանքով են վերաբերվում տարածաշրջանում Ռուսաստանի մտադրություններին: Ռուսաստանը երբեք չի կարող ինքնուրույն հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

Արդյունքում հակամարտության լուծման համար առկա միջազգային ներուժը մնում է չօգտագործված։ Տարիներ են ծախսվել անպտուղ դիվանագիտական շփումների և 2006-ից սկսած շրջանակային փաստաթղթի ձեւակերպումների շուրջ ծագած վեճերի վրա կամ, օրինակ, թե ԵԱՀԿ-ի քանի դիտորդ պետք է ներկա լինի Ղարաբաղում:

Եվրոպացիներն ու ամերիկացիները կարող են որքան ասես ողբալ Կովկասյան լեռների լանջերին խորացող այս հակամարտության կապակցությամբ, բայց, ի վերջո, նրանց մոտ այլ ընտրություն չի մնա, քան լրջորեն զբաղվել դրա լուծմամբ։ Ընդ որում ՝ զբաղվել Ռուսաստանի հետ համատեղ՝ չնայած այլ հարցերի շուրջ առկա բոլոր հակասություններին։ Տարածաշրջանում, որտեղ ակտիվանում է Թուրքիան, ոչ հեռու Իրանը, ինչպես նաև անցնում են խոշոր նավթամուղեր և գազատարներ, ցանկացած բռնկում կարող է վերածվել միջազգային լուրջ խնդրի։

Հակամարտությանը վերջ դնելը կարևոր է նաև մարդասիրական նկատառումներով։ Ղարաբաղյան պատերազմում մոտ 20 հազար մարդ Է զոհվել, ավելի քան մեկ միլիոնը ստիպված է եղել լքել տները։ Նման բան չպետք է կրկնվի։ 1992-ին նորաստեղծ Մինսկի խումբը կոչ արեց միջազգային համաժողով անցկացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, սակայն այն այդպես էլ չկայացավ։ Այժմ ժամանակն է անցկացնել այն։

Մեկնաբանել