Մնացականյանն ու Լավրովը անընդունելի են գնահատել արտատարածաշրջանային երկրների քայլերը

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի իր գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։ 

«Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է Արցախի հետ շփման գծի երկայնքով Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության վերջին զարգացումները: Այս համատեքստում նախարար Մնացականյանը խստորեն դատապարտեց Թուրքիայի՝ անմիջական ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ներգրավվածությունն Ադրբեջանի կողմից իրականացվող մարտական գործողություններում ինչպես Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում, այնպես էլ՝ հայ-ադրբեջանական սահմանին»,- տեղեկացրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ 

Նա նաև հայտնել է, որ «երկուստեք անընդունելի է գնահատվել արտատարածաշրջանային երկրների քայլերը՝ ուղղված տարածաշրջանային խաղաղության և անվտանգության խաթարմանը»։