Մենք պարտավոր ենք հաղթել, այլ ելք չունենք․ Թևան Պողոսյան

Մենք պարտավոր ենք հաղթել, մենք չունենք այլ ելք, սա կենացմահու խնդիր է, սա մեր ապագայի խնդիրն է․ Ստեփանակերտում հրավիրված ասուլիսին հայտարարեց  քաղաքագետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը։

«Մեր այս կռվի մեջ, ինչու պատերազմ բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև միշտ համարել եմ, որ մեր պատերազմը 94 թվականից ի վեր չի ավարտվել, մենք ունեցել ենք տարբեր զինադադարներ, այդ ժամանակահատվածը պետք է օգտագործեինք՝ ավելի հզոր երկիր ձևավորելու համար, որովհետև առանց հզորության մենք դատապարտված էինք լինելու մեր տունը, մեր հողը լքելու»,-ասաց Պողոսյանը։

Քաղաքագետի խոսքով՝ արցախյան խնդիրը չունի երեսուն տարվա փորձ, չունի ընդամենը երեք օրվա փորձ։ 

«Ցավոք սրտի, միջազգային հանրությունը այս երեք-չորս օրերին լավագույն հարցը, որ տալիս է՝ «իսկ ինչո՞ւ հիմա ինչ-որ մի բան տեղի ունեցավ», որովհետև երբ որ իրենք չեն հասկանում արմատները, իրենց համար սա պարզապես հոլիվուդյան կինոյի նման մի երևույթ է դառնում»։

Պողոսյանը նշեց, որ մենք ունենք մեծագույն խնդիր՝ արցախյան հարցը աշխարհին մանրակրկիտ ներկայացնելու։

«Մենք պետք է այսօր բան ապացուցենք, և էդ բանն ապացուցողներն իրականում մեր զինվորներն են, մեր հրամանատարները, որոնց մենք, ամեն օր մեծագույն շնորհակալություն հայտնելով, կկարողանանք նաև այդ բառի բուն իմաստի մեջ իմաստ դնել, իրենց կողքին լինենք, իրենց ոգի տանք, ամեն ինչ անենք, որպեսզի իրենք կարողանան իրենց աշխատանքն անել»,-ասաց Պողոսյանը։

Նախկին պատգամավորը ցավով նշեց, որ այսօր բանակցային գործընթացը տեղի չի ունենում և միգուցե երկար տեղի չունենա, քանի որ «հողի վրա իրավիճակ չի փոխվել»։ 

«Եթե մեր պապերը, հայրերը 91-94 թվականներին, ամեն մեկը իր բաժինն ունենալով, չձևավորեին իրական հողի վրա այն իրականությունը, որը 94 թվականին մենք ունեինք, Բիշքեքյան համաձայնագիրը եռակողմ չէր ստորագրվի»։

«Երբ որ ինձ հարցնում են՝ իսկ երբ կարող է լինել կամ ինչպես կարող է լինել, որ նստեն բանակցությունների, ես էսպիսի մի բան եմ հասկանում, եթե մենք ցանկանում ենք, որ բանակցությունները լինեն իրական և ունենան փաստաթուղթ, որը թույլ կտա էլի ժամանակ շահել հզորացնելու, որովհետև իմ պատկերացմամբ մենք դեռ սերնդեսերունդ այս խնդրով անցնելու ենք, ապա մենք պետք կարողանանք ամեն ինչ անել, որ իսկապես հողի վրա նոր պատմություն ձևավորվի»,- շեշտեղ նա։

Անդրադառնալով դաշնակիցներին՝ Թևան Պողոսյանն ասաց, որ պետք է ընդունենք, որ Արցախի Հանրապետության դաշնակիցը Հայաստանի հանրապետությունն է, Հայաստանի հանրապետության դաշնակիցը՝ Արցախի Հանրապետությունը։

Եզրափակելով քաղաքագետը հորդորեց հետևել բանակի խորհուրդներին, պետական ինստիտուտների խորհուրդներին, որպեսզի կարողանանք համակարգված աշխատել և թույլ չտալ, որ մեր պատերազմական ճակատները ընդլայնվեն։