Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Զոհրաբ Մնացականյանի հետ առանձին հեռախոսազրույցների ընթացքում հաստատել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար Մոսկվայի հարթակ տրամադրելու պատրաստակամությունը, այդ թվում՝ նրանց հետ եռակողմ հանդիպման համար: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

«Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի ինչպես ազգային, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին միջնորդական ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար քաղաքական-դիվանագիտական միջոցներով պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել տրամադրել մոսկովյան հարթակը համապատասխան շփումների ակտիվացումը կազմակերպելու համար, այդ թվում Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հերթական հանդիպման անցկացման համար»,- նշել են գերատեսչությունում:

Լավրովը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում և կողմերին շուտափույթ վերադարձնել բանակցություններին: «Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը։ Ռուսական կողմը լուրջ մտահոգություն է հայտնել շարունակվող լայնածավալ մարտական գործողությունների կապակցությամբ։ Կոչ է արվել անհապաղ դադարեցնել կրակը և թուլացնել լարվածությունը, ինչպես նաև թույլ չտալ սադրիչ և ռազմատենչ հռետորաբանություն: Ընդգծվել է բանակցությունների սեղանի շուրջ կողմերի շուտափույթ վերադարձի անհրաժեշտությունը»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում: