Մակրոնն ու Պուտինը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի և Բելառուսի իրադրությունը, հաղորդում Է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Հեռախոսազրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։ Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ երկու երկրների ղեկավարները  «հանգամանորեն դատապարտել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության կտրուկ սրումը, ինչպես նաև մտահոգություն են հայտնել շարունակվող մարտական գործողությունների կապակցությամբ»:

Պուտինը և Մակրոնը հակամարտության կողմերին կոչ են արել շուտափույթ և լիակատար հրադադարի և լարվածության թուլացման: «Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման այլընտրանքի բացակայությունը քաղաքական-դիվանագիտական մեթոդներով։ Այդ համատեքստում դիտարկվել են հետագա փոխգործակցության կոնկրետ չափորոշիչներ, նախևառաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում»,- ասված է Կրեմլի հաղորդագրությունում: