Հարյուրավոր բժիշկներ անհամբեր սպասում են համապատասխան հրահանգի` մեկնելու առաջնագիծ

Հարյուրավոր բժիշկներ այս պահին հերթագրված են և բառիս բուն իմաստով անհամբեր սպասում են համապատասխան հրահանգի` մեկնելու առաջնագիծ և այնտեղ մատուցելու իրենց ծառայությունները․ այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը՝ ամփոփելով առողջապահության նախարարության աշխատանքը պատերազմական իրավիճակում։

«Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի առաջին իսկ ժամերից սկսած առողջապահության նախարարությունը և ամբողջ առողջապահական համակարգը լծվել է ծառայելու մեր հայրենիքի պաշտպաններին»,-գրել է Սմբատյանը:

Նրա խոսքով եպտեմբերի 27-ի առավոտյան ՀՀ սահմանամերձ համապատասխան ուղղություններով գործարկվել է վիրավորների տարհանման համակարգը ներառյալ համապատասխան ուղղություններով տեղակայված բժշկական կազմակերպություններում և Արցախի Հանրապետությունում տասնյակ շտապ օգնության մեքենաների տեղակայումը, որոնց միջոցով արագությամբ իրականացվել է բազմաթիվ վիրավորների տեղափոխում` դեպի մայրաքաղաքի և այլ վայրերի բազմաթիվ բժշկական հաստատություններ:

Առողջապահության նախարարության ղեկավար անձնակազմի աշխատակիցները սեպտեմբերի 27-ին մեկնել են Արցախի և վիրավորների տարհանման համակարգի համապատասխան վայրեր` տեղում համակարգելու վիրավորների բժշկական օգնության, սպասարկման և տարհանման աշխատանքները: Բոլոր վերոհիշյալ վայրերը ապահովվել են անհրաժեշտ դեղորայքով, բժշկական պարագաներով, բժշկական սարքավորումներով: Երևանում տեղակայված բոլոր հիվանդանոցները առաջին իսկ օրվանից ընդունում են վիրավորներին և իրականացնում են նրանց բժշկական օգնությունը:

«Այսօր, հաշված ժամերի ընթացքում, առողջապահության նախարարության կողմից մարզային հիվանդանոցներից մեկը ծավալվել է, որպես թիկունքային հոսպիտալ: Ծավալումը իրականացվել է համապատասխան մարզպետարանի և պաշտպանության նախարարության հետ սերտ համագործակցությամբ: Ընդամենը 4 ժամվա ընթացքում ներդրվել է համապատասխան ուղղությունից դեպի թիկունքային հոսպիտալ տեղափոխման և հետագա դուրսգրման սխեման, ծավալված հոսպիտալը ապահովվել է անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով, տարանջատվել են քաղաքացիական պացիենտների և վիրավորների հոսքերը, ապահովվել է հաստատության անվտանգությունը` ոստիկանության ուժերով: Թիկունքային հոսպիտալը համալրվել է շտապ բժշկական օգնության լրացուցիչ մեքենաներով: Այն արդեն իսկ գործում է և սպասարկում է մեր հերոսներին»,- ասել է Սմբատյանը:

Փոխնախարարը հավելել է, որ անխափան գործում է արյան բաղադրամասերի ապահովման ծառայությունը:

Մեկնաբանել