ԱԱԾ-ն հայտնում է նախկին բարձրաստիճան զինվորականի կողմից պետական դավաճանության մասին

Պաշտպանության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյան, ըստ ԱԱԾ-ի, օտարերկրյա կազմակերպության ներկայացուցիչներին հանձնել կամ հանձնելու նպատակով հավաքել է պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություններ, թշնամական գործունեություն իրականացնելու համար ցուցաբերել է այլ օգնություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

ԱԱԾ-ն, մանրամասնելով դեպքը, նշել է՝ զինվորականը գտնվելով Վրաստանում հավաքագրվել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից, ստացել է առաջադրանքներ Հայաստանի զինված ուժերի, սպառազինության մասին տեղեկություններ տրամադրելու համար՝ բանակի անձնակազմի, զենքի, զինամթերքի քանակի, հրամանատարական կազմի, ինժեներական կառույցների մասին։

«Հիշյալ անձը ձեռնամուխ է եղել այդպիսի տեղեկություններ հավաքելուն, մասնավորապես՝ երկար տարիներ ծառայության մեջ գտնվելով ՀՀ զինված ուժերում, ի պաշտոնե ունենալով պետական և ծառայողական գաղտնիքներին առնչվելու թույլտվություն, կրելով դրանց արտահոսքի համար պատասխանատվություն և գիտակցելով, որ այդ տեղեկությունների արտահոսքի դեպքում վնաս կպատճառի երկրի անվտանգությանը, հավաքել և իր մոտ է պահել մարտական տեխնիկայի, սպառազինության, այդ թվում՝ տանկերի, մարտկոցների, ուժեղացման միջոցների, առաջնահերթ խոցվող օբյեկտների, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայող, պահեստազորում հաշվառված անձանց և այլնի վերաբերյալ ծառայողական և պետական գաղտնիք կազմող տեղեկություններ, ինչպես նաև, օգտագործելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և Արցախի սպայական անձնակազմի շրջանում իր ունեցած հարաբերությունները, պարբերաբար հանդիպումներ է ունեցել վերջինների հետ և հետաքրքրություններ ցուցաբերել ստորաբաժանումների կողմից իրականացվող կոնկրետ գործողությունների և այլնի վերաբերյալ, հավաքել տվյալներ, որից հետո՝ պարբերաբար Հայաստանի Հանրապետությունից մեկնել է Վրաստանի Հանրապետություն և ինչպես Ադրբեջանի դեսպանատան տարածքում, այնպես էլ դրանից դուրս հանդիպումներ և բազմաթիվ հեռախոսազրույցներ է ունեցել ադրբեջանական հետախուզական ծառայությունների աշխատակիցների հետ»,-ասված է ԱԱԾ հաղորդագրությունում։

Մեղադրյալի բնակության վայրում ԱԱԾ-ն հայտնաբերել է զենք, զինամթերք, նաև ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ կապ հաստատելու համար նախատեսված հեռախոսահամարների վերաբերյալ նոթատետրեր։ ՊՆ ներկայացուցիչը կալանավորվել է։

Մեկնաբանել