Le Monde-ի թղթակցին վիրահատում են․ ադրբեջանական հրետակոծությունից չորս լրագրող է վիրավորվել

Այսօր ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հարվածներ են հասցրել Արցախի Մարտունի քաղաքի ուղղությամբ, լրագրողական խմբերը նույնպես հայտնվել են հրետակոծության տակ։

Վիրավորվել են Ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողները։

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ՍիվիլՆեթին հայտնեց, որ Le Monde-ի թղթակցին վիրահատում են։ Նա վիրավորվել է Մարտունու քաղաքապետարանի շենքում։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Le Monde-ի թղթակից Ալլան Կավալի վիրահատությունն իրականացվում է Ստեփանակերտի բժշկական կենտրոնում: 

Մարտական գործողությունները լուսաբանելու ժամանակ հարձակման է ենթարկվել նաև Արմենիա ՀԸ-ի «Ժամը» լրատվականի նկարահանող խումբը: Վիրավորում է ստացել օպերատոր Արամ Գրիգորյանը: Հեռուստաընկերությունից տեղեկանում ենք, որ վնասվածքը թեթև է:

Վիրավորվել է նաև 24news.am կայքի լրագրող Սևակ Վարդումյանը։ Կայքից ՍիվիլՆեթին հայտնեցին, որ նա ևս լուրջ վնասվածք չի ստացել և տեղափոխվել է հիվանդանոց։

Ադրբեջանական հրետակոծության տակ է հայտնվել նաև Արցախում աշխատող Ֆրանսպրես (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան։ Արցախի Տեղեկատվական շտաբի փոխանցմամբ, կան ծանր վիրավորներ, զոհեր չկան։

Հրետակոծության պահին ՍիվիլՆեթի հինգ հոգանոց խումբը՝ Հակոբ Մանուկյանը, Լևոն Արշակյանը, Անժելիկա Զաքարյանը, Անի Փայտյանը և Թաթուլ Հակոբյանը նկարահանումներ էին կատարում: Մեր լրագրողները ռեպորտաժ էին պատրաստում մի քանի օր առաջ հերթական հրետակոծության և քաղաքացիական զոհերի մասին, երբ սկսվեց կրակը: Նրանք չեն տուժել։

Լուսանկարում՝ AFP միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան։

Գևորգ Թոսունյան