Հոկտեմբերի 1-ից Արցախ մեկնողների տեղաշարժն ապահովվելու է համապատասխան փաստաթղթերի առկայությամբ

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հոկտեմբերի 1-ից գործում են հսկիչ անցակետեր, Արցախ մեկնող բոլոր անձանց ու ավտոմեքենաների տեղաշարժն ապահովվելու է բացառապես համապատասխան փաստաթղթերի առկայությամբ:

«Նշված անցակետերով Արցախի Հանրապետություն մուտքի հնարավորություն կունենան բոլոր այն անձինք, ովքեր պաշտպանական համակարգի մոբիլիզացիայի շրջանակներում ունեն համապատասխան կցագրումներ և նրանց մեկնումն իրականացվում է տարածքային զինվորական կոմիսարիատների նախաձեռնությամբ:

Միաժամանակ տեղեկացվում է, որ բոլոր այն կամավորները, ովքեր տարբեր օրինական հիմքերով կցագրված չեն, սակայն այնուամենայնիվ ցանկություն ունեն մեկնելու և մասնակցելու մարտական գործողություններին, պետք է ունենան ՀՀ պաշտպանության նախարարության գրավոր թույլտվությունը:

Բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում ապահովել այս կարևորագույն պահանջի անվերապահ կատարումը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել