Երրորդ կողմերը պետք է մի կողմ քաշվեն ԼՂ հակամարտությունից․ Պոմպեո

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հույս է հայտնել, որ Բաքվում և Երևանում «առաջիկա օրերին կհասկանան, որ բռնությամբ հակամարտությունը չի կարգավորվի»։

Ամերիկյան կողմը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների հետ շփումներում կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հայտարարել Է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Մենք կոչ ենք անում դադարեցնել կրակը։ Մենք ցանկանում ենք, որ երկու կողմերն էլ հետ կանգնեն։ Մենք խոսել ենք երկու երկրների ղեկավարությունների հետ և խնդրել ենք դա անել»,- ասել է Պոմպեոն։ Նա հույս է հայտնել, որ Բաքվում և Երևանում «առաջիկա օրերին կհասկանան, որ բռնությամբ հակամարտությունը չի կարգավորվի»:

Խոսելով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ Պոմպեոն ընդգծել է. «Մենք չենք ողջունում դրա միջազգայնացումը։ Մենք կարծում ենք, որ երրորդ կողմերը պետք է մի կողմ քաշվեն»։ Պետքարտուղարը կարծում է, որ «երրորդ կողմերի միջամտությունը միայն խորացնում է խնդիրը»։

Մեկնաբանել