Թուրքական կողմը Չավուշօղլու-Լավրով զրույցի մասին այլ ուղերձ է ներկայացնում

Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը։ Ռուսաստանի ԱԳՆ կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ Լավրովն ու Չավուշօղլուն կողմ են արտահայտվել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը:

Սակայն թուրքական պաշտոնական աղբյուրները բավարարվում են միայն հեռախոսազրույցի փաստի արձանագրմամբ, իսկ պատերազմի դադարեցման մասին խոսք չկա։

Ավելի ուշ՝ Անադոլու գործակալությունը փաստորեն փոխանցել է Թուրքիայի պաշտոնական տեսակետը կամ այն տեսակետը, որ Անկարան ցանկացել է լսելի լինել։ Այսպես, Անադոլուն, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, գրում է, որ Չավուշօղլուն Լավրովի հետ խոսակցության ժամանակ ասել է, որ առանց Հայաստանի ու Ադրբեջանի միջև մնայուն լուծում գտնելու, առանց [Ղարաբաղի – ՍիվիլՆեթ] «գրավմանը վերջ տալու զինադադարն իմաստ չի ունենալու»։ Եթե նույնիսկ այսօր զինադադար լինի, կարող է նորից բախումներ սկսվեն, ասել է Չավուշօղլուն։

Թուրքիան ակտիվորեն ներգրավված է ընթացող պատերազմում․ այդ երկիրը Սիրիայից ու Լիբիայից վարձկաններ է տեղափոխվում Ադրբեջան, իսկ Թուրքիայի զինուժին պատկանող F-16 կործանիչները մասնակցում են ռազմական գործողություններին։

Մեկնաբանել