Թուրքական կողմը Չավուշօղլու-Լավրով զրույցի մասին այլ ուղերձ է ներկայացնում

Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը։ Ռուսաստանի ԱԳՆ կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ Լավրովն ու Չավուշօղլուն կողմ են արտահայտվել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը

Սակայն թուրքական պաշտոնական աղբյուրները բավարարվում են միայն հեռախոսազրույցի փաստի արձանագրմամբ, իսկ պատերազմի դադարեցման մասին խոսք չկա։ 

Ավելի  ուշ՝ Անադոլու գործակալությունը փաստորեն փոխանցել է Թուրքիայի պաշտոնական տեսակետը կամ այն տեսակետը, որ Անկարան ցանկացել է լսելի լինել։ Այսպես, Անադոլուն, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, գրում է, որ Չավուշօղլուն Լավրովի հետ խոսակցության ժամանակ ասել է, որ առանց Հայաստանի ու Ադրբեջանի միջև մնայուն լուծում գտնելու, առանց [Ղարաբաղի – ՍիվիլՆեթ] «գրավմանը վերջ տալու զինադադարն իմաստ չի ունենալու»։ Եթե նույնիսկ այսօր զինադադար լինի, կարող է  նորից բախումներ սկսվեն, ասել է Չավուշօղլուն։ 

Թուրքիան  ակտիվորեն ներգրավված է ընթացող պատերազմում․ այդ երկիրը Սիրիայից ու Լիբիայից վարձկաններ է տեղափոխվում Ադրբեջան, իսկ Թուրքիայի զինուժին պատկանող F-16 կործանիչները մասնակցում են ռազմական գործողություններին։