Թուրքիայի իշխանությունը բացահայտ պատերազմի քարոզչություն է անում. Կարո Փայլան

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը նկատում է, որ Թուրքիայի իշխանությունները բացահայտորեն անում են պատերազմի քարոզչություն, ինչը մեծ հանցանք է: Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վերաբերյալ իր տարածած հաղորդագրությամբ Փայլանը խաղաղության կոչ է անում:

 «Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի պատճառով շարունակվող լարվածությունը, դժբախտաբար, վերջին օրերին գնում է դեպի պատերազմ։ Հակառակ ողջ աշխարհի հակամարտության դադարեցման ու հրադադարի կոչերին՝ ԱՔՓ-ՄՀՓ դաշինքը (Թուրքիայի Արդարություն և զարգացում կուսակցություն և ազգայնամոլ Ազգայնական շարժում կուսակցություն –խմբ.) բացահայտորեն ռազմատենչ պահվածք է որդեգրել՝ մեր երկրի հարևաններ հանդիսացող Ադրբեջանի ու Հայաստանի միջև առկա լարվածության նկատմամբ։ Իշխանությունը բացահայտորեն պատերազմի քարոզչություն է իրականացնում՝ իր ռազմատենչ ընթացքով, Հայաստանի դեմ բացահայտ թշնամական հայտարարություններով և նեցուկ լինելով պատերազմին՝ փոխանակ երկրներին հրադադարի ու բանակցության կոչ ուղղելու»,-նշել է Փայլանը:

Թուրքիայի իշխանությունը բացահայտ պատերազմի քարոզչություն է անում։ Նա շեշտել է, որ ՄԱԿ-ի քաղաքացիական ու քաղաքական իրավունքի համաձայնագրի 20-րդ հոդվածի, որը ստորագրել է նաեւ Թուրքիան, և որը Սահմանադրության 90/4 հոդվածի համաձայն գերակա է ներքին իրավունքին, պատերազմի որեւէ քարոզչություն արգելված է օրենքով։ Փայլանը շեշտել է, որ Թուրքիայի իշխանության ներկայացուցիչները հանցանք են գործում՝ իրականացնելով պատերազմի քարոզչություն։ Փայլանը նշել է, որ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն ու դրա ներկայացուցիչները մշտապես պաշտպանել են խաղաղությունը:

«Իմ ընկերներն ու ես կյանքի ու քաղաքականության բոլոր ոլորտներում՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ, ընդդիմանալով պատերազմին, տևապես պաշտպանել ենք խաղաղությունը և պիտի շարունակենք պաշտպանել։ Այն բոլոր հարցերում, որոնց շուրջ իշխանությունները կողմ էին հակամարտության, բռնության եւ ռազմի քաղաքականությանը, ինչպես Էգեականի հարցը, Քրդական հարցը, Ղարաբաղյան հարցը, միշտ կողմ ենք եղել խաղաղ լուծման։ Հակամարտության առաջին պահից իսկ, ջանք թափեցի փոխելու Թուրքիայի դիրքը այս պատերազմի նկատմամբ, որի հետևանքով հայ ու ադրբեջանական ժողովուրդները պիտի մեծ կորուստներ ունենան»,-նշել է նա:

Փայլանը նշել է, որ թուրքական իշխանությունը ռազմական քաղաքականությամբ ողջ երկիրն ու ողջ տարածաշրջանը դեպի խավար է առաջնորդում։ «Նրանք, որոնք պատերազմի կոչ են հնչեցնում, կփորձեն լռեցնել խաղաղության ձայն բարձրացնել փորձողներին։ Ինչ, որ անենք ես ու ընկերներս, պիտի շարունակենք «խաղաղություն» գոչել։ Որովհետեւ պատերազմը չունի հաղթող, իսկ խաղաղությունը՝ պարտվող»,-ասել է նա:

Փայլանը նկատել  է, որ ինչ-որ շրջանակներ փորձում են լռեցնել իրեն: «Շատ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում այս հայտարարությունը: Հակառակ այս իրողության՝ չեմ նահանջելու պատասխանատվություն ստանձնել՝ պատերազմները կանխելու համար։ Անձիս դեմ հավանական բոլոր հարձակումների պատասխանատուն, իշխանությունների չափ, ԱՍԱՄ եւ նման կազմակերպություններն են, որոնք անցյալի ատելության հարձակումների պատասխանատուներն էլ էին»,-գրել է Փայլանն ու կոչ արել բոլոր անհատներին ու կազմակերպություններին, որոնք հավատում են խաղաղությանը, որպեսզի խաղաղությունը պաշտպանելու համար բարձրացնեն իրենց ձայնը՝ ընդդեմ պատերազմի։