Ղարաբաղյան խնդրի կարգավորում․ օգոստոսյան հարցման արդյունքներ

ՍիվիլՆեթի պատվերով Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը հարցում է իրականացրել չորս թեմաներով՝ էներգետիկա, առողջապահություն, կրթություն և Ղարաբաղյան հակամարտության կարգավորում։ Տվյալները հավաքագրվել են 2020 թ. ՕԳՈՍՏՈՍԻ 15-ից 29-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսային (CATI) և վեբ (CAWI) հարցազրույցների միջոցով: Հարցմանը մասնակցել են 18 և բարձր տարիքի 1100 ՀՀ քաղաքացիներ:

Հարցված հայաստանցիների 60%-ը լիովին համաձայն է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի ոչ թե ռազմական ուժի, այլ բանակցությունների միջոցով։ Հարցվածների մոտ կեսը (47%) լիովին համաձայն է, որ ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում Հայաստանը հույսը պետք է դնի միայն իր վրա։ Հարցվածների միայն մեկ երրորդն է հնարավոր համարում կարգավորման այնպիսի տարբերակ, որը միաժամանակ ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Հարցվածներից 39%-ի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կախված է Հայաստանի, իսկ 31%-ի կարծիքով՝ Ադրբեջանի կառավարություններից։ Հարցվածների ավելի փոքր բաժինն է հակամարտության կարգավորումը կապում արտաքին խաղացողների կամքի հետ։ Հարցված հայաստանցիների մոտ երկու երրորդի կարծիքով, ժողովուրդներին հնարավոր է խաղաղության նախապատրաստել։

Հարցված հայաստանցիների 94%-ի կարծիքով, մոտ ժամանակներում ղարաբաղյան հակամարտության լուծումը կարևոր է Հայաստանի ապագայի համար: Սակայն, կարգավորման ինչպիսի՞ լուծումներ են տեսնում հարցվածները։ Ինչպես ցույց է տալիս Գծապատկեր 4․1-ը, հարցված հայաստանցիների ամենամեծ բաժինը՝ մոտ մեկ երրորդը (30%), ղարաբաղյան հակամարտության լուծման ճանապարհը տեսնում է փոխզիջումների միջոցով։ Հարցվածների մեկ քառորդը (25%) խնդրի կարգավորումը հնարավոր է համարում ստատուս քվոյի պահպանման, իսկ 15%-ը՝ նոր պատերազմի միջոցով։ Հարցվածների 22%-ը դժվարացել է պատասխանել, թե ինչպես է պատկերացնում խնդրի լուծումը։

Միևնույն ժամանակ, ինչպես ցույց է տալիս Գծապատկեր 4․2-ը, հարցվածների մեծամասնությունը (60%) լիովին, իսկ 17%-ը որոշ չափով համաձայն է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի ոչ թե ռազմական ուժի, այլ բանակցությունների միջոցով։ Այս մտքի հետ համաձայն չեն հարցվածների 12%-ը («Որոշ չափով համաձայն չեմ» և «Բոլորովին համաձայն չեմ» պատասխանների հանրագումարը)։

Ըստ Գծապատկեր 4․3-ի, հարցվածների մոտ կեսը (47%) լիովին համաձայն է, որ ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում Հայաստանը հույսը պետք է դնի միայն իր վրա։ Այս մտքի հետ որոշ չափով համաձայնել է հարցվածների 22%-ը, իսկ համաձայն չէ 17%-ը («Որոշ չափով համաձայն չեմ» և «Բոլորովին համաձայն չեմ» պատասխանների հանրագումարը)։

Արդյո՞ք հնարավոր է ղարաբաղյան հակամարտության այնպիսի կարգավորում, որը միաժամանակ ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Ըստ Գծապատկեր 4․4-ի, հարցվածների միայն մեկ երրորդն է (33%) հնարավոր համարում կարգավորման նման տարբերակ։ Հարցվածների ավելի մեծ բաժինը (44%) չի կարծում, թե նման լուծում հնարավոր է, իսկ 22%-ը դժվարանում է պատասխանել այս հարցին։

Ումի՞ց է կախված ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ Այս հարցին պատասխանելիս, հարցվածներն ունեցել են մինչև 3 պատասխան տալու հնարավորություն։ Ըստ Գծապատկեր 4․5-ի, հարցվածների 39%-ի և 31%-ի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կախված է համապատասխանաբար Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններից։ Հարցվածների ավելի փոքր բաժինն է հակամարտության կարգավորումը կապել արտաքին խաղացողների կամքի հետ․ մասնավորապես, 24%-ը նշել է համաշխարհային գերտերությունների (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, ԵՄ) և 21%-ը՝ Ռուսաստանի Դաշնության անունները։

Հարցված հայաստանցիների մոտ երկու երրորդի կարծիքով (68%), ժողովուրդներին հնարավոր է խաղաղության նախապատրաստել, իսկ 23%-ի կարծիքով՝ ոչ (Գծապատկեր 4․6): Ինչ վերաբերում է խաղաղության նախապատրաստելու ձևերին, նախորդ հարցին դրական պատասխանածների 37%-ը տվել է «Եթե երկու երկրների կառավարություններն այդպես որոշեն» պատասխանը։ Ավելի փոքր բաժինը՝ 29%-ն ասել է, որ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը հնարավոր կլինի, եթե Ադրբեջանի իշխանությունները հրաժարվեն ռազմական հռետորաբանությունից և 21%-ը՝ եթե միջազգային հանրությունն ավելի շատ ջանքեր ներդնի (Գծապատկեր 4․7)։

Մեկնաբանել