Հայկական բանակ գումարած կոշտ դիվանագիտություն

Ադրբեջանի կողմից նախահարձակ պատերազմի 10-րդ օրն է այսօր:

Նախորդ ինը օրերի ընթացքում Ադրբեջանը չի կարողացել լուծել անգամ մարտավարական խնդիրներ, թեև կարողացել է վերահսկողության տակ առնել Թալիշ գյուղը շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ, մոտենալ Մատաղիսին (այն չեզոք, պատերազմական գոտի է), ինչպես նաև մի քանի կիլոմետր երկայնքով ու խորքով առաջ շարժվել հարավարևելյան՝ Արաքսի հատվածում: Այս չնչին առաջխաղացմանը ադրբեջանական բանակը կարողացել է հասնել՝ ունենալով 2016-ի ապրիլյան պատերազմում ստացած դիրքային առավելությունը Թալիշի բարձունքներում և Վարազաթումբ/Լելե թափե բլրի շրջանում:

Ծանր մարտերը և բնակավայրերի հրթիռահրետակոծումները շարունակվում են, սակայն Ադրբեջանը զսպվում է գրեթե այն դիրքերում, որտեղ կարողացել է դիրքային հաջողության հասնել սեպտեմբերի 27-ի առավոտյան մի քանի ժամերի ընթացքում:

Ադրբեջանին զսպող միակ ուժը այսօր Հայկական բանակն է: Չկա այլ ուժ: Պարզապես չկա: Միջազգային հանրության և առանձին երկրների ու անհատների կոչերը որևէ կերպ չեն ազդում Ալիևի վրա: Հայկական բանակը, ծանր մարտերով և ծանր կորուստներով կանգնած է առաջնագծում:

Որքա՞ն կարող են շարունակվել մարտերն ու հրթիտահրետակոխումները: Պետք է գա մի պահ, երբ կողմերից մեկը կամ երկուսը միասին այլևս ուժ չունենան և ստիպված լինեն նահանջել՝ բռնելով ավելի հարմար դիրքեր: Բայց դա էլ լուծում չէ, անկախ նրանից, թե կողմերից որ մեկն է դիմանալու ավելի երկար և որ մեկն է նահանջելու:

Պատերազմի անցած օրերը ցույց են տալիս, որ անհրաժեշտ է դիվանագիտական կոշտ միջամտություն: Այդ միջամտությունը կարող է գալ, նկատի ունեմ՝ այս պահին, միայն երկու երկրից՝ Ռուսաստան և Թուրքիա: Միայն այս երկու երկրների միջամտությունից հետո է հնարավոր Ալիևին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ: Ալիևին զսպելու մյուս, առաջին ուժը, Հայկական բանակն է:

Եթե անգամ Թուրքիան դիվանագիտական կոշտ միջամտություն ցույց տա, դա լինելու է Ադրբեջանի օգտին: Ինչպես նախկինում և այս պատերազմի օրերին Անկարան բացահայտ և հրապարակային կանգնած է Բաքվի թիկունքում՝ ռազմական, քաղաքական ու դիվանագիտական ճակատներում:

Հետևաբար, Թուրքիայի ներգրավվածությունը միայն ու միայն խճճելու է առանց այն էլ բարդ իրավիճակը: Ռուսաստանը այսօր միակ ուժն է, որ ունակ է կանգնեցնել պատերազմը: Դա լավ է, թե վատ, բոլորովին այլ հարց է:

2016-ին ապրիլյան քառօրյայից հետո հենց Մոսկվայի միջամտությամբ էր, որ կողմերը՝ տվյալ դեպքում Երևանն ու Բաքուն, վերադարձան զինադադարի ռեժիմին:

1994-ի մայիսյան անժամկետ զինադադարը հնարավոր եղավ Ռուսաստանի միջնորդությամբ, եթե կուզեք՝ պարտադրումով:

Ռուսաստանի դերը Արցախի հարցում վերջին 100 տարիներին եղել է վճռական ու ճակատագրական, ինչը բոլորովին չի նշանակում՝ հօգուտ մեզ: Բայց եղել է վճռական ու ճակատագրական:

1920 թվականի օգոստոսին հայ-ռուսական համաձայնությամբ էր, որ բոլշևիկյան Ռուսաստանի զորքերը հաստատվեցին Արցախում, Զանգեզուրում և Նախիջևանում, սակայն այդ ռազմակալումը չպետք է կանխորոշեր այդ տարածքների հանդեպ Հայաստանի կամ Ադրբեջանի իրավունքի հարցը: Տարբեր աստիճանի ռուսական/խորհրդային ազդեցության արդյունքում էր, որ Նախիջևանը, թուրքերի հետ համաձայնության արդյունքում մնաց Խորհրդային Ադրբեջանի կազմում (ճիշտ է նաև, որ ՀՀ-ն Նախիջևանի հանդեպ վերահսկողությունը կորցրել էր դեռ 1919-ի ամռանը, իսկ Շարուրում՝ 1920-ի աշնանը), Զանգեզուրը հնարավոր եղավ պահել Խորհրդային Հայաստանի կազմում, իսկ Արցախը ԼՂԻՄ սահմաններով ևս անցավ Խորհրդային Ադրբեջանին:

Ռուսաստանի դերը վճռական և ճակատագրական է եղել նաև Արցախյան շարժման ու պատերազմի տարիներին՝ 1988-1994-ին: Դեպքերի պարզ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն պահերին, երբ հայերը կամ ադրբեջանցիները անտեսում եմ կամ կարևորություն չեն տալիս ռուսական ներկայությանը Կովկասում, Մոսկվան պատասխանում է հակառակ կողմին քաղաքական, ռազմական և դիվանագիտական աջակցությամբ: Եղել են պահեր, երբ կողմերից մեկի կամ մյուսի համար այդ աջակցությունը ունեցել է վճռական և ճակատագրական նշանակություն ռազմադաշտում:

Մոսկվան ու Պուտինը այս պահին սպասողական դիրքում են: Ինչո՞ւ է այդպես: Այս հարցի պատասխանը այս պահի քննարկման թեմա չէ: Ակնհայտ է, որ Ռուսաստանի դիվանագիտական կոշտ միջամտությանը հետևելու է Թուրքիայի ցանկությունը ևս ներգրավվելու: Այս դեպքում քննարկման թեման տեղականից կարող է վերածվել տարածաշրջանայինի՝ ռուս-թուրքական պայմանավորվածությունների, որոնց արդյունքում առաջին հերթին բավարարվելու են ռուսների և թուրքերի շահերը, բայց ոչ հայերի ու ադրբեջանցիների:

Սա էլ նորություն չէ հայոց պատմության վերջին 100 տարիներին, երբ ռուսներն ու թուրքերը վճռել են հայ ժողովրդի ճակատագրական հարցերը: Բայց նաև արժե հիշեցնել 1993 թվականը, երբ, փաստացի, ԵԱՀԿ Մինսկի խմբի փոխարեն արցախյան հարցում միջնորդությամբ հանդես էին գալիս ռուսներն ու թուրքերը ամերիկացիների հետ:

Այսօր պատերազմի 10-րդ օրն է: Նախորդ ինը օրերը ցույց են տալիս, որ ռազմի դաշտում հարցերը չեն որոշվել, և եթե անգամ կողմերից մեկը չնչին առավելություն է ստացել, դա դեռ ոչինչ կամ շատ բան չի նշանակում: Կողմերը սարսափելի թանկ գին են վճարում ոչնչի կամ չնչին առավելության համար:

Դիվանագիական կոշտ միջամտությունը այլընտրանք չունի:

Թաթուլ Հակոբյան

Լուսանկարում՝ տեսարան Ստեփանակերտից