Ադրբեջանական կողմը փորձում է հրահրել արցախյան կողմին կրակ բացել Իրանի ուղղությամբ․ Արծրուն Հովհաննիսյան

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է արել՝ տեղեկացնելով, որ հակառակորդը կրկին թիրախավորվում է Ստեփանակերտն ու Արցախի այլ բնակավայրերը։

Նա հավելել է․

«Գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է առաջանալ և ամրանալ հարավարևելյան ուղղությամբ (Ջեբրայիլ չհասած), սակայն հայկական զինված ուժերի հրթիռահրետանային դիպուկ կրակով ադրբեջանական ստորաբաժանումները խոցվել են։

Առավոտյան 06:30-ին հերթական հրթիռահրետանային հարվածից հետո, մարտադաշտում թողնելով ևս 60 զոհ, ինչպես նաև 22 միավոր խոցված, մի քանի տասնյակ սարքին տեխնիկա, հակառակորդի գերհագեցած երեք բրիգադների մնացորդները խուճապահար դիմել են փախուստի։ Տեսագրությունն առկա է։

Հայկական ստորաբաժանումների դիպուկ կրակով քիչ առաջ հարավարևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի վառելաքսուքային պահպանման խոշոր բազա։ Տեսանյութը՝ շուտով։

Ճակատի տարբեր ուղղություններում ստեղծվել են հնարավորություններ հաջողությունները զարգացնելու համար»։

Մեկ այլ գրառման մեջ ասված է․

«Շատ կարևոր:

Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, չունենալով արդյունավետ հարձակողական գործողություններ վարելու բավարար կարողություններ, արդեն երկրորդ օրն է, սկսել են դիմել ակնհայտ սադրանքների: Մասնավորապես, արցախա-ադրբեջանական ռազմական գործողությունների հարավային ուղղությունում ադրբեջանական ստորաբաժանումները մեծաթիվ խմբերով կուտակվում են անմիջապես արցախա-իրանական սահմանի երկայնքով (Արաքս գետի երկայնքով) և փաստացիորեն պատսպարվելով այդ սահմանով` փորձում են առաջ շարժվել: Այդ մարտավարությամբ ադրբեջանական կողմը փորձում է հրահրել արցախյան կողմին կրակ բացել կամ հարվածներ հասցնել սահմանի երկայնքով՝ փաստացի Իրանի ուղղությամբ: Չի բացառվում նաև, որ մարտական գործողությունների արդյունքում ադրբեջանական ստորաբաժանումները, այլընտրանք չունենալով, նահանջեն կամ փախչեն իրանական տարածք: Այս ամենից խուսափելու համար, կարծում ենք, իրանական կողմը, որն անշուշտ տեսնում է այդ ամենը, պետք է կանխի կամ պարտադրի ձեռնպահ մնալ այդպիսի կուտակումներից»։

Մեկնաբանել