Չենք կարող թույլ տալ արկեր մեր սահմաններին և ահաբեկչություն՝ տարածաշրջանում

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարություն է արել ղարաբաղյան լայնամասշտաբ պատերազմի վերաբերյալ։ Նա շեշտել է, որ տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու անհրաժեշտություն կա, այս մասին հայտնում է Iran Press կայքը։

«Կրակը, պատերազմն ու արյունահեղությունը լուծում չեն։ Մենք շատ ենք ցավում այս հակամարտության համար։ Չենք կարող թուլ տալ, որ արկերը հայտնվեն մեր սահմաններին, ոչ էլ կարող ենք թույլ տալ, որ ահաբեկչության ստվերը հայտնվի տարածաշրջանում` այս հակամարտության պատրվակի տակ։ Ահաբեկչությունը, որին զոհ է գնացել գեներալ Սոլեյմանիին, պարտված է տարածաշրջանում»,- ասել է Ռոհանին։ Նա հավելել է, որ հակամարտությունը չի կարող վերաճել տարածաշրջանային պատերազմի։

«Պետք է զգույշ լինել, և այստեղ ու այնտեղ կրակի վրա յուղ լցնողները որևէ մեկի օգտին չեն հանդես գալիս»,- նշել է Իրանի նախագահը։

Այսօր առավոտյան ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը փորձում է հրահրել արցախյան կողմին կրակ բացել կամ հարվածներ հասցնել սահմանի երկայնքով՝ փաստացի Իրանի ուղղությամբ:

«Չի բացառվում նաև, որ մարտական գործողությունների արդյունքում ադրբեջանական ստորաբաժանումները, այլընտրանք չունենալով, նահանջեն կամ փախչեն իրանական տարածք: Այս ամենից խուսափելու համար, կարծում ենք, իրանական կողմը, որն անշուշտ տեսնում է այդ ամենը, պետք է կանխի կամ պարտադրի ձեռնպահ մնալ այդպիսի կուտակումներից»,- ասել է Հովհաննիսյանը։

Մեկնաբանել