Հայաստանի և Վրաստանի համապատասխան գերատեսչություններն արդյունավետ համագործակցում են․ վարչապետի աշխատակազմի ղեկավար

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն անդրադարձել է սոցիալական ցանցերում Վրաստանը որպես ադրբեջանական կողմին աջակցողի ներկայացնելու միտմանը։

«Մասնավորապես, որոշ կեղծ օգտատերեր, ուղղորդվելով հայտնի և անհայտ կենտրոններից, փորձում են ազդել հանրային տրամադրությունների վրա՝ ներկայացնելով Վրաստանը և վրաց ժողովրդին որպես պատերազմում ադրբեջանական կողմին աջակցողի»,- գրել է նա։

Աղաջանյանը կոչ է արել չտրվել սադրանքներին և բացառել նման ապատեղեկատվության ստեղծումն ու տարածումը։ Նա տեղեկացրել է, որ Հայաստանի և Վրաստանի համապատասխան գերատեսչություններն արդյունավետ համագործակցում են, որպեսզի բոլորին հուզող խնդիրները հրատապ լուծում ստանան։

«Հայտնում եմ նաև, որ համատեղ ջանքերի շնորհիվ դրանցից շատերն արդեն իսկ լուծված են։

Մեր եղբայրական ժողովուրդների հազարամյա բարեկամությունը ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել, քանի որ այն հիմնված է խորը արժեհամակարգային ընդհանրությունների վրա։ Ուստի, ևս մեկ անգամ հորդորում եմ չտրվել ուղղորդված սադրանքներին և պահպանել համերաշխությունը վրաց ժողովրդի հետ թե՛ առցանց տիրույթում, թե՛ դրանից դուրս»,- գրել է Աղաջանյանը ֆեյսբուքի իր էջում։

Մեկնաբանել