Մոտակա ժամերի կամ օրերի ընթացքում ամեն ինչ կարող է հասնել իր տրամաբանական ավարտին. Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հաստատում է վարչապետի՝ այսօր ռուսական ՌԲԿ-ին տված հարցազրույցում հնչեցրած այն տեղեկությունը, որ Արցախի հարավում հայկական զինված ուժերը միջանցք են թողել ու ծուղակ կազմակերպել ընդդեմ Ադրբեջանի զինծառայողների, ներքաշել ռազմական կորպուսին ու ջախջախիչ հարվածներ հասցրել նրան։ «Այսօր և երեկ բեկումնային մարտեր են եղել, ու վարչապետը նշել է, որ դրանք կարող են ավարտվել կոնկրետ իրավիճակով։ Մարտերն ընթանում են գիշեր ու ցերեկ»,- հայտնեց Հովհաննիսյանը։ Նա ասաց, որ «մոտակա ժամերին կամ մաքսիմում օրերին ամեն ինչ կարող է հասնել իր տրամաբանական ավարտին»։ Ռազմաճակատում այլ հաջողությունների մասին հարցին ի պատասխան Հովհաննիսյանն ասաց, որ չի ցանկանում խաղաքարտերը բացել։

Խոսելով հակառակորդի կորուստների մասին, ՊՆ ներկայացուցիչը տեղեկացրեց. «Ցերեկվա տվյալներով հակառակորդը կորցրել է 260-280 զինվոր, 60 զրահատեխնիկա, վերջին ժամերին այդ թվերը շեշտակի ավելացել են»։

Արցախի օդում ԱԹՍ-երի կողմից տրված վնասների մասին հարցին պատասխանելով՝ Հովհաննիսյանը կասկած հայտնեց, որ դրանք ղեկավարվում են ոչ ադրբեջանցիների կողմից, և ԱԹՍ-երը միայն առանձին վայրերում են ունեցել հաջողություններ, ապա բացատրեց.

«Նույնիսկ եթե դու ԱԹՍ-ով օրինակ որևէ ենթակառուցվածք ես խոցում, ենթադրենք կամուրջ, պատերազմը կոնվենցիոնալ է, ու ցամաքային զորքերը պիտի ամրագրեն քո կատարած քայլի հաջողությունը, իսկ ինչպես տեսնում ենք, Ադրբեջանի զորքերը ցամաքային ուղղությամբ շատ գլուխ գովելու բան չունեն»։

Արծրուն Հովհաննիսյանը շարունակեց պնդել՝ Ադրբեջանի զինուժի պլանավորման, հետախուզության ու ինստրուկտորական օղակներում գործում են Թուրքիայից ժամանած սպաներ։

Մեկնաբանել