Խաղաղ բնակավայրերում լրագրողների թիրախավորումը կրում է միտումնավոր բնույթ․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, դատապարտել հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարին օդային հարվածներ հասցնելը։

«Սա Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հերթական հանցագործությունն է, որը բացահայտում է նրա հակամարդկային Էությունը։ Այնուհանդերձ, այս քայլը լիովին տեղավորվում է տասնամյակներ ի վեր իրականացվող հայատյացության քաղաքականության մեջ։ Ադրբեջանը, որն ամբողջովին բնաջնջել է հայկական մշակութային ժառանգությունը Նախիջևանում և հայ ժողովրդի պատմական հայրենիքի այլ մասերում, այժմ փորձում է Արցախի դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի շրջանակներում հայրենիքից և պատմական հիշողությունից զրկել արցախահայությանը։

Իր այս գործողություններում Ադրբեջանն ուղղակիորեն ընդօրինակում է իր նորօրյա դաշնակիցների՝ միջազգային հայտնի ահաբեկչական կազմակերպությունների գործելաոճը, որի արդյունքում Մերձավոր Արևելքում ոչնչացվել են բազմաթիվ պատմամշակութային կոթողներ։

Այս առիթով հիշեցնում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ կրոնական պաշտամունքի վայրերի և մշակութային հուշարձանների թիրախավորումն ամրագրված է միջազգային հումանիտար իրավունքում՝ որպես պատերազմի հանցագործություն, որի համար պատասխանատվությունը չունի վաղեմության ժամկետ»,- ասված է հայտարարության մեջ։

Ադրբեջանը հոկտեմբերի 8-ին ևս մեկ անգամ հարվածեց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարին, ինչի վիրավորվել և մարմնական վնասվածքներ են ստացել օրվա առաջին կեսին նույն տաճարի ռմբակոծման հետևանքները լուսաբանելու նպատակով տեղում գտնվող օտարերկրացի լրագրողներ Յուրի Կոտյոնոկը, Լևոն Արզանովը և նրանց ուղեկցող խմբի անդամ Հրանտ Բալադյանը:

Արտաքին գործերի նախարարության մեկ այլ հայտարարության մեջ ասված է․

«Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերում իրենց մասնագիտական գործունեությունը ծավալող լրագրողների թիրախավորումը կրում է միտումնավոր բնույթ և նպատակ ունի խոչընդոտելու ադրբեջանական բանակի պատերազմական հանցագործությունների փաստագրումն ու ներկայացումը միջազգային հանրությանը:

Մաղթում ենք շուտափույթ ապաքինում տուժած լրագրողներին և խստորեն դատապարտում Ադրբեջանի հերթական պատերազմական հանցագործությունը։

Միաժամանակ հրավիրում ենք ողջ միջազգային հանրության, մարդու իրավունքների և խոսքի ազատության բնագավառում մասնագիտացված կառույցների ուշադրությունը տեղեկատվության ձեռքբերման իրավունքը բռնի միջոցներով ոտնահարելու այս աղաղակող փաստին»։

Մեկնաբանել