Մեր ժողովուրդը լի է վճռականությամբ՝ կանգնելու մինչև վերջ. Փաշինյանը` ԵԱՏՄ գործընկերներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Երևանում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի ժամանակ վստահեցրել է իր գործընկերներին, որ չնայած բոլոր դժվարություններին՝ «մեր ժողովուրդը միասնական է, ինչպես երբևէ և լի է վճռականությամբ՝ կանգնելու մինչև վերջ և պաշտպանելու մեր ազատությունն ու անկախությունը»։

Ինչպես հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից, Փաշինյանի նախագահությամբ Երևանում` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այսօր տեղի է ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները` Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը:

Ղրղզստանի Հանրապետության կողմից նիստին մասնակցել է Հայաստանի Հանրապետությունում Ղրղզստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալիկբեկ Ջեկշենկուլովը։

Փաշինյանը նշել է, որ այսօրվա նիստը տեղի է ունենում Հայաստանի համար դժվար ժամանակներում: «Երկու շաբաթ շարունակ Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով չեն դադարում մարտերը՝ բոլոր տեսակի ժամանակակից զենքերի կիրառմամբ: Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության քաղաքներն ու գյուղերը, ինչպես նաև քաղաքացիական նշանակության կառույցներն ու ենթակառուցվածքները գտնվում են հրետանային և հրթիռային կրակահերթի տակ: Կան բազմաթիվ սպանվածներ ու վիրավորներ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում», – ասել է նա:

Միևնույն ժամանակ վարչապետը վստահեցրել է, որ չնայած բոլոր դժվարություններին՝ «մեր ժողովուրդը միասնական է, ինչպես երբևէ և լի է վճռականությամբ՝ կանգնելու մինչև վերջ և պաշտպանելու մեր ազատությունն ու անկախությունը»։

Նա առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել պատվիրակությունների բոլոր անդամներին այս դժվարին պահին Հայաստան ժամանելու համար: «Դա առանձնահատուկ արժեքավոր է մեզ համար», – ասել է վարչապետը:

Հաջորդիվ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում նախատեսված է ընդլայնված կազմով հանդիպումը։