Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում. Միշուստին

Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում, Ռուսաստանը պատրաստ է աջակցել հակամարտության կարգավորմանը։ Այս մասին հոկտեմբերի 9-ին Երևանում ԵԱՏՄ երկրների միջկառավարական խորհրդի նիստին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Նրա խոսքով, անհրաժեշտ է ապահովել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում և ձեռնամուխ լինել հակամարտության դիվանագիտական կարգավորմանը: «Ռուսաստանը պատրաստ է դրան աջակցել ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների հետ համատեղ»,- ընդգծել է նա: Միշուստինը ցավակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր զոհերի հարազատներին ու մերձավորներին:

Ավելի վաղ  «Ֆրանսպրես» (AFP) գործակալությունը, վկայակոչելով Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի իր աղբյուրներին, հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են Լեռնային Ղարաբաղի հարցով հրադադար կնքել ուրբաթ երեկոյան կամ շաբաթ օրը: «Կենտրոնանում ենք այսօր երեկոյան կամ վաղը հրադադարի հասնելու վրա, բայց դեռ հստակ չէ»,- գործակալությանը հայտնել են Ելիսեյան պալատում:

Այսօր Մոսկվայում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը՝ Ռուսաստանի նախաձեռնությամբ։