Եթե Զոհրաբ Մնացականյանը Ղարաբաղը անվանի Հայաստանի մաս, բանակցությունների մասին խոսք լինել չի կարող․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձ է հղել ժողովրդին՝ նշելով, որ «ինքը փոխել է ստատուս-քվոն։ Այնտեղ՝ մարտի դաշտում։ Ստատուս-քվո այլևս չկա»: Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը։

Ալիևի խոսքով՝ Բաքուն Երևանին բանակցությունների ձևաչափին վերադառնալու և տարածաշրջաից զորքերը դուրս բերելու «վերջին հնարավորությունն է տալիս»։  Նա հավելել է, որ այժմ Ղարաբաղում մարտեր են ընթանում բոլոր ուղղություններով, իսկ Ադրբեջանի զինված ուժերը «ամրացնում են իրենց դիրքերը»։

«Մենք ագրեսորին, օկուպանտին պարտադրում ենք խաղաղություն։ Մենք նրանց ցույց ենք տվել, որ թե՛ մարտի դաշտում, թե՛ բանակցությունների սեղանի շուրջ հաղթում ենք։ Նրանք տեսել են մեր ուժը, մեր կամքը։ Ոչ մի ուժ չի կարող շեղել մեզ մեր ճիշտ ճանապարհից։ Ոչ մի երկիր չի կարող ազդել մեր կամքի վրա»,- ընդգծել է նա։

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Երևանը պետք է կատարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը և դուրս բերի զորքը։ 

«Մոտ 30 տարի բանակցություններ են վարվել։ Տեղաշարժ եղե՞լ է։ Մեզ մեր հողերից գոնե մեկ սանտիմետր վերադարձրե՞լ են։ Ո՛չ»,- նշել է Իլհամ Ալիևևը։

Խոսելով Մոսկվայում ընթացող բանակցությունների մասին՝ Ադրբեջանի նախագահը ասել է, որ եթե ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Ղարաբաղը անվանի Հայաստանի մաս, բանակցությունների մասին խոսք լինել չի կարող։ Նրա կարծիքով՝ հոկտեմբերի 9-ի բանակցությունները պետք է «շատ բաներ հստակեցնեն» և «հակամարտության լուծման հիմնական սկզբունքները սահմանեն»։

Ռուսաստանի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 9-ին Մոսկվայում ընթանում են բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև։