10.10.2020-ի ժամը 12:00-ից՝ հրադադար, բանակցային գործընթացի ձևաչափը մնում է անփոփոխ

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի՝  Մոսկվայում մոտ տասը ժամ տևած բանակցություններից հետո Լավրովը դուրս եկավ լրագրողների մոտ և ընթերցեց ընդունված հայտարարության տեքստը։

Տիկնայք և պարոնայք,

Տևական բանակցություններից հետո մենք համաձայնեցրել ենք հետևյալ փաստաթուղթը։ Մեջբերում եմ․

«Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինի ուղերձի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինի հետ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Հ. Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Վ. Փաշինյանի պայմանավորվածությունների՝ կողմերը համաձայնեցին հետագա քայլերի շուրջ․

1. Հայտարարվում է կրակի դադարեցման մասին 2020 թվականի հոկտեմբերի 10-ի ժամը 12: 00-ից սկսած՝ ռազմագերիների և այլ պահված անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան:

2. Հրադադարի ռեժիմի կոնկրետ չափորոշիչները կհամաձայնեցվեն լրացուցիչ։

3. Ադրբեջանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում սուբստանտիվ բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով:

4. Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը»։

Շնորհակալություն ուշադրության համար: Հուսով եմ, որ դուք ադեկվատ կարտացոլեք մեր այսօրվա աշխատանքի արդյունքները։