Թուրքիան որևէ դեր չի կարող ունենալ ԼՂ կարգավորման գործընթացում․ Զոհրաբ Մնացականյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ որևէ այլ ուժ, մասնավորապես՝ Թուրքիան, որևէ դերակատարություն չի կարող ունենալ ղարաբաղյան կարգավորման գործընթացում․ ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին նա ասել է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվականին տված մեկնաբանությունում՝ Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ ավելի քան տասը ժամ տևած բանակցություններից հետո, որի արդյունքում ԼՂ հակամարտության գոտում հաստատվում է հրադադար։

«[…] որևէ առաջընթացի մասին խոսելն առանց ավարտ դնելու, վերջակետ դնելու այս իրավիճակին, իհարկե, անհնար կլիներ: Այն, ինչ բավական երկար բանակցությունների ընթացքում մենք կարողացանք արձանագրել, այն է, որ մեզ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, դադարեցնել այս վայրագությունը, այս պատերազմը, ամրագրել, ամրապնդել այս դադարը և հետո նոր խոսել խաղաղ գործընթացի մասին և նաև վերահաստատել, որ Մինսկի խմբի համանախագահությունը մնում է այն միակ ձևաչափը, որը միջազգայնորեն ճանաչված հարթակն է բանակցությունների և խաղաղ գործընթացի համար»,- նշել է նախարարը:

Մնացականյանը հավելել է, որ որևէ այլ ուժ, մասնավորապես՝ Թուրքիան, այդ առումով որևէ դերակատարություն չի կարող ունենալ:

Տե՛ս նաև՝ 10.10.2020-ի ժամը 12:00-ից՝ հրադադար, բանակցային գործընթացի ձևաչափը մնում է անփոփոխ

Մեկնաբանել