Ստեփանակերտում աշխատում են սակրավորներ, գտնվել է մոտ 180 չպայթած կասետային ռումբ

Ստեփանակերտի տարբեր փողոցներում, քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակելի շենքերի հարակից տարածքներում շարունակվում է հրթիռակոծությունից հետո դեռևս չպայթած զենք-զինամթերքի վնասազերծումը։ Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական հարթակը։

«Ինչպես տեղեկացրին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, առաջիկա օրերին այդ աշխատանքները կշարունակվեն նաև շրջաններում:

Սեպտեմբերի 27-ից սկսած արդեն իսկ գտնվել է մոտ 180 կասետային ռումբ, որոնց մի մասը բնակիչներն են նկատել և արձագանքել: Սակրավորները ոչնչացրել են տեղում»,- ասված է հայտարարության մեջ:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հորդորում է պայթուցիկ նյութերի, ականների, ինչպես նաև գնդիկաբեկորային արկերի ու կասետային ռումբերի հանդիպելիս՝ ձեռք չտալ, անհապաղ զանգահարել ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն 911, 101,112 հեռախոսահամարներով:

Նշվում է, որ չպայթած զինամթերքը երկար ժամանակ քաղաքացիական բնակչության շրջանում մեծ վտանգ է ներկայացնելու:

Մեկնաբանել