Սահմանի ամբողջ երկայնքով հիմնականում հանգիստ է

Երեկ գիշեր թեժ մարտերը արցախա-ադրբեջանական շփման գծում շարունակվել են հիմնականում հարավային ուղղությամբ։ Երեկ ողջ օրվա ու այսօր կեսօրի դրությամբ Ադրբեջանի զինված ուժերի կորուստները կազմել են 200 զոհ, 3 ԱԹՍ, 4 ավտոտեխնիկա։ Այս մասին միասնական տեղեկատվական շտաբում հաղորդեց ՊՆ ներկայացույցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ հրադարարից առաջ հակառակորդի գործողությունները սաստկացել են, սակայն ՊԲ ստորաբաժանումները կասեցրել են հակառակորդի բոլոր առաջխաղացումները։ Նա մանրամասնեց նաև Հադրութի ուղղությամբ դիվերսիայի վերաբերյալ ավելի վաղ արված հայտարարությունը. «Մինչ հրադադարը Ադրբեջանի հետախուզադիվերսիոն փոքր խմբեր փորձել են ներթափանցել Հադրութ քաղաք, ու հրադադարից հետո մեր կողմից այդ խմբերը չեզոքացվել են, ընթացել են ոչ մեծ մասշտաբի մարտեր։ Այս պահին Հադրութում չեզոքացվում են ու գուցե ոչնչացումն ավարտվել է»,- նշեց Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ որոշ ուղղություններով Ադրբեջանի կողմից փոքր պրովոկացիաներ են կատարվում, որոնք ստանում են պատասխան։ Վերջինս հայտարարեց՝ սահմանի ամբողջ երկայնքով հիմնականում հանգիստ է։

Խոսելով զոհված զինծառայողների դիերի փոխանակումների մասին, ՊՆ ներկայացուցիչը տեղեկացրեց. «Պաշտպանության բանակի տեղամասերից մեկում հրադադարից հետո թույլ է տրվել հակառակորդին, որ մոտենան ու վերցնեն իրենց մի քանի դիակները, բայց դրանից հետո այդ գործընթացը դադարեցվել է, քանի որ նման դեպքերը օգտագործվում են սադրանքների նպատակով»։ Հովհաննիսյանը վստահեցրեց, որ հաջորդ դեպքերում փոխանակումներն իրականացվելու են բացառապես Կարմիր խաչի գրասենյակի ներկայացուցիչների առկայության դեպքում։ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկություն չուներ, թե որքան է տևելու հրադադարը։

Մեկնաբանել