Մենք ապրելու ենք ու ժպտալու ենք | օր 16, Արցախ, պատերազմ

Լիկա Զաքարյան, Ստեփանակերտ

Համեմատաբար հանգիստ օր էր: Հանդիպեցի հայրիկիս, և միասին գնացինք հաց գտնելու: Հազիվ համարձակություն գտա լքել ապաստարանը և ռիսկի դիմել ինչ-որ բան նկարահանել:

Բազմաթիվ մարդկանց տեսա՝ ծանոթ և անծանոթ։ Անբացատրելի զգացում էր։ Երբեմն, ապաստարանում նստած՝ ինձ թվում է, որ կողքիս գտնվող մարդիկ միակն են, որ իրականում գոյություն ունեն աշխարհում, ինչպես ապոկալիպսիսի մասին ֆիլմերում է լինում:

Մտքումս մի արտահայտություն է պտտվում, որը մենք գրում էինք «Օդնոկլասնիկիի» դարաշրջանում: Ասյպես է հնչում՝ «մարդիկ պատերազմի ժամանակ ժպտում են, իսկ դու չես ուզում ապրել՝ բազմոցին նստած»: Մենք մտածում էինք, որ՝ «O՜, որքան վատ և բացասական լիցքեր ունենք մենք, այնքան պատերազմներ են ընթանում աշխարհում, իսկ մենք բողոքում ենք այս ու այն բանից»: Բայց ամեն ինչ փոխվել է: Այսօր մենք այն մարդիկ ենք, ովքեր ժպտում են պատերազմում: Իհարկե, նաև լացում ենք, անհանգստանում, վախենում, բայց, այնուամենայնիվ, ծիծաղում ենք, փորձում ենք աջակցել միմյանց: Չգիտեմ՝ սա լավ է, թե վատ: Դուք ասեք․․․

Հովիկ Էսմերյանը և որդին՝ Հովհաննեսը, Ստեփանակերտի իրենց խորտկարանում։Այսօր հանդիպեցի երկու Քրիստինաների, նրանց համար հաց էի տարել։ Ջերմ զրուցեցինք, տեղեկություններ փոխանակեցինք, հարցրինք առաջնագծում գտնվող հարազատների մասին, քննարկեցինք քաղաքականությունը, քաղաքում մենակ մնացած, լքված շների ճակատագիրը և այն, ինչը մեզ ամենից շատ պակասում է առօրյա կյանքում:

Այցելեցի «Սամրա» սրճարան՝ տեսնելու Հովիկին։ Նա սիրիահայ է, որն Արցախ է տեղափոխվել այնտեղի պատերազմի ընթացքում: Ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք․ մարդը փախել մի պատերազմից և հայտնվել մյուսի մեջ։ Բայց ասում է, որ այս անգամ պատերազմն այլ է, սա հայրենիքի համար է, և արժե մղել այն: Հովիկը լրագրողներին տաք ապուր հյուրասիրեց (անմահական համ ուներ)։ Գումար չվերցրեց: Ասաց, որ փորձում է իր հնարավորությունների սահմանում օգնել մարդկանց․․․

Օրվա վերջում շատ արժեքավոր նվեր ստացա: Փոքր քույրս այժմ Երեւանում է, ծնողներս են ուղարկել: Մենք շատ կապված ենք իրար հետ: Նրա առաջին բառը «մայրիկ» էր, բայց նա ի՛նձ այդպես անվանեց, ոչ թե մեր մայրիկին: Քուրս այսօր ինձ համար բանաստեղծություն է գրել, որը կցանկանայի կիսել, բայց խնդրել է, որ ոչ ոքի ցույց չտամ: Թող այն մնա մեր՝ քույրերի միջև: Դա ամենաջերմ բանն էր, ինչ պատահեց ինձ հետ պատերազմի սկսվելուց ի վեր…

Կուզեի ասել, որ պատերազմում ժպտալը ճիշտ է: Թե չէ գժվել կարելի է։ Մենք կժպտանք ու կապրենք: Ես չգիտեմ, թե ինչպես պետք է ապրենք, որ մի փոքր արժանի լինենք նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհաբերում, որ մենք ապրենք մեր հայրենի հողի վրա: Բայց մենք ապրելու ենք ու ժպտալու ենք: