Ոստիկանությունը հայտնաբերել է արգելված հրապարակումների 40 դեպք

Հոկտեմբերի 12-ի` ժամը 17․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 40 դեպք, որոնցից 13-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 27-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։

Հարուցված վարչական վարույթների արդյունքում 9-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող 7 անձ տուգանվել է 300 հազար դրամի չափով, որոնցից 2-ը հրապարակումը չեն հեռացրել, ուստի, բացի հիշյալ 300 հազար դրամից, տուգանվել են նաև 700 հազար դրամի չափով։ Երկու լրատվական կայք էլ տուգանվել է 700 հազար դրամի չափով։ Ընդ որում, լրատվական կայքերից մեկը հրապարակումը չի վերացրել, ուստի լրատվամիջոցը, բացի հիշյալ 700 հազար դրամից, տուգանվել է նաև 1 միլիոն 500 հազար դրամի չափով։ Մյուս հրապարակումների հեղինակներին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում։

 
Հիշեցնենք որ, ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշումով սահմանվում են հրապարակումների և հաղորդումների իրականացման մի շարք սահմանափակումներ: