Մինսկի խմբի համանախագահների առաջարկները մնում են բանակցությունների սեղանին․ Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի քաղաքական կարգավորումը հնարավոր է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկներն այս առումով մնում են բանակցությունների սեղանին․ ՌԴ ԱԳ նախարարն այդ մասին հայտարարել է «Սպուտնիկ», «Կոմսոմոլսկայա պրավդա» և «Խոսում է Մոսկվան» ռադիոկայաններին տված հարցազրույցում։

«Իհարկե, քաղաքական կարգավորումը հնարավոր է։ Այն առաջարկները, որոնք համանախագահները մշակել և շարունակում են մշակել, մնում են բանակցությունների սեղանին, դրանց բովանդակությունն արդեն հայտնի է. դա Ղարաբաղի շուրջ շրջանների փուլային, աստիճանական ազատագրումն է Ղարաբաղի անվտանգության երաշխիքների պահպանմամբ և մինչև Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելը Հայաստանի և Ղարաբաղի միջև հուսալի կապի ապահովմամբ», – ասել է Լավրովը:

Նույն հարցազրույցի ընթացքում ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը խոսել է նաև ռուս ռազմական դիտորդների՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության մեխանիզմի կազմում ընդգրկման մասին։

Մեկնաբանել