Ռյաբկովը չի բացառել Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկկողմ առերես շփումները Լեռնային Ղարաբաղի շուրջ

 Պետդեպարտամենտը չի նշել Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին պայմանավորվածությունների ձեռքբերման գործում․ ասել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը ռուսական ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ԱՄՆ-ի հետ շփումները կշարունակվեն: Ես լիովին հնարավոր եմ համարում առերես շփումները ՝ կախված տարածաշրջանում տիրող իրավիճակից, այդ թվում՝ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից առաջ»,- ասել է Ռյաբկովը:

Ռյաբկովը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Պետդեպարտամենտի մեկնաբանություններում բացակայում է Ռուսաստանի որևէ հիշատակումը, նրա դերը հակամարտության կողմերի միջև պայմանավորվածության հասնելու գործում: «Մենք մեզ համար դա նշել ենք որպես փաստ, բայց դա չի խանգարի ամերիկացիների հետ երկխոսությանը այդ խնդրի բովանդակային մասով», – նշել է դիվանագետը: