Ինչպես հասան F-16-երը Ադրբեջան և ինչ են արել հայկական օդում

Հակաօդային պաշտպանության զորքերի շտաբի պետ Գարիկ Մովսեսյանը «Արմենպրես» լրատվական գործակալությունում փաստեր ներկայացրեց թուրքական F-16 կործանիչների՝ Ադրբեջանում առկայության ու մարտական խնդիրներ կատարելու վերաբերյալ։ ՍիվիլՆեթը ամփոփում է Մովսեսյանի ներկայացրած տեղեկությունները։

Ինչպե՞ս հասան F-16-երը Ադրբեջան

F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռները Ադրբեջանի տարածքում հայտնվել են դեռ հուլիսից՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների նախօրեին։ Զորավարժությունների նախապատրաստման ու անցկացման ընթացքում նշված ինքնաթիռները ակտիվ գործողություններ են իրականացրել․ ակտիվ ուսումնամարզաան թռիչքներ են իրականացրել Հայաստանի ու Արցախի օդային սահմանի ամբողջ երկայնքով՝ հիմնականում թիրախավորելով Գյանջա-Վարդենիս, Գյանջա-Քարվաճառ, Գյանջա-Մարտակերտ, Գյանջա-Ստեփանակերտ ուղղությունները։

Զորավարժությունների ավարտից հետո այդ ինքնաթիռները Թուրքիայի տարածք չեն վերադարձել, տեղակայված են մնացել Գյանջայի օդակայանում։ Սեպտմբերի 23-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը իրականացրել է F-16-երի անձնակազմերի, տեխնիկական կազմերի հերթափոխ։ Ընդ որում, վերաթռիչքները Թուրքիայից Ադրբեջան իրականացվել են Վրաստանի օդային տարածքով։

Ի՞նչ են անում պատերազմական օրերին F-16-երը

Սեպտեմբերի 27-ից սկսած հարձակողական գործողությունների սկզբից ներգրավված են եղել օդից խնդիրների կատարմանը՝ այն է Արցախի ու Հայաստանի տարածքների ու օբյեկտների ռմբակոծմանը։ Սեպտեմբերի 27-ին Գյանջա-Սոթք-Վարդենիս ուղղությամբ Մեծ Մասրիկ ու Սոթք բնակավայրերին հարվածներ հասցնելու ընթացքում F-16 երկու ինքնաթիռ խախտել է ՀՀ օդային տարածքը մինչև 6 կիլոմետր խորությամբ։

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12:16-ի սահմաններում, Մինգեչաուրի ջրամբարի շրջակայքում հերթապահություն իրականացնող F-16 ինքնաթիռների զույգը, հայտնաբերելով Հայաստանի խորքից դեպի պետական սահման թռիչք իրականացնող ՀՀ ԶՈՒ-ին պատկանող ՍՈՒ-25 ինքնաթիռը, ուղղություն է վերցրել դեպի պետական սահման ու սահմանից 60 կիլոմետր հեռավորության վրա արձակած օդային հրթիռով խոցել է մեր ՍՈՒ-25-ը։ Իր գործողությունները թաքցնելու նպատակով հոկտեմբերի 3-ին հակառակորդը Գյանջա օդակայանից իրականացրել է F-16-երի վերահենակայում Գաբալա օդակայան։ Եթե մինչ այդ գործողությունները իրականացվում էին զուտ առանձին ինքն իր խմբով, դրանից հետո փոխվում է մարտավարությունը ու սկսում է գործել Ադրբեջանի ավիացիոն ուժերի հետ համատեղ։ 2 կամ 4 ինքնաթիռ Գաբալայից օդ են բարձրանում, զբաղեցնում են օդում հերթապահության դիրք Մինգեչաուրի ջրամբարի վրա, որից որոշ ժամանակ անց օդ են բարձրանում հետախուզական ինքնաթիռներ, ԱԹՍ-եր, որից հետո օդ են բարձրանում Ադրբեջանի ՍՈՒ-25 ինքնաթիռները, ուղղություն վերցնում դեպի Մինգեչաուրի շրջան, որից մի փոքր հարավ երկու խմբերը միանում են իրար, կատարում են 2-3 րոպեանոց պտույտ։ Դրանից հետո 1 կամ 2 զույգ F-16 առանձնանում է՝ հարվածներ հասցնելով Մարտակերտի բնակավայրերին։

Թուրքական «Բայրաքթարը»՝ պատերազմում

Ադրբեջանի ԱԹՍ-երի սպառազինությունը բաղկացած է թուրքական և իսրայելական արտադրանքից։ Թուրքական «Բայրաքթարը» կարող է մինչև 12 000 մետր բարձրությունում թռիչք իրականացնել, վարել ակտիվ հետախուզություն և ուղղորդել կրակային միջոցներին։

Ադրբեջանի խոցված օդային միջոցների թիվը

Պատերազմական 18 օրերի ընթացքում խոցվել է Ադրբեջանի օդային հարձակման 180 միջոց` այդ թվում 15 ինքնաթիռ, 8 ուղղաթիռ և ԱԹՍ-եր։ Բոլոր միջոցները ձեռնարկվում են, որ հայկական հակաօդային միջոցները լինեն ինքնաբավ։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել