Թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան կարող է արգելվել

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ժամանակավորապես արգելել թուրքական ծագման ապրանքների ներմուծումը Հայաստան:

Նախագիծն արդեն քննարկման է դրվել, ընդունվելու դեպքում որոշումնուժի մեջ կմտնի դեկտեմբերի 31-ից և կգործի 6 ամիս ժամկետով:

Նախարարաությունից հիմնավորել են, որ թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումը ենթադրում է նախևառաջ անվտանգային բաղադրիչ, քանի որ փաստ է, որ Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանին Արցախի դեմ սանձազերծած պատերազմական և ահաբեկչական գործողություններում:

Նախագծում նշվում է, որ տնտեսվարողների ու բնակչության որոշ մասն արդեն կամավոր կերպով հայտնել է թուրքական ծագման ապրանքների նկատմամբ իր վերաբերմունքը՝ սահմանափակելով դրանց վաճառքը և ձեռնպահ մնալով նմանատիպ ապրանքների ձեռքբերումից:

Նախարարությունը նշել է, որ տվյալ ապրանքների ներմուծման սահմանափակման պարագայում հայկական շուկայում այդ ապրանքների պակասուրդ չի առաջանա, քանի որ դրանք հեշտությամբ կլրացվեն այլ շուկաներից Հայաստան ներմուծումների միջոցով կամ տեղական արտադրության շնորհիվ։

Մեկնաբանել