Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի արտգործնախարարի հետ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնի հետ․ այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ պաշտոնական կայքից։

Արտգործնախարարները քննարկել են Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը: Նախարար Մնացականյանն առանձնահատուկ ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից պատերազմի հանցագործությունների, այդ թվում Արցախի քաղաքացիական բնակչության և կենսապահովման ենթակառուցվածքների շարունակական թիրախավորման, կրոնական պաշտամունքի վայրերի և մշակութային օբյեկտների հրետակոծման, ինչպես նաև Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված հայ ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի անթույլատրելիությունը։

Անդրադառնալով կրակի դադարեցման վերաբերյալ հոկտեմբերի 10-ի և հոկտեմբերի 17-ի համաձայնություններին՝ նախարար Մնացականյանն ընդգծել է ձեռքբերված պայմանավորվածությունների չիրականացման Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճը: ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդման և հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ:

Ողջունելով հոկտեմբերի 17-ին ձեռքբերված հումանիտար զինադադարը՝ նախարար Շամպայնն ընդգծել է վերջինիս պահպանման և կյանքի կոչման անհրաժեշտությունը, ինչպես նաև համապատասխան վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումը: Կանադայի ԱԳ նախարարը, իր աջակցությունը հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին, ընդգծել է արտատարածաշրջանային դերակատարների՝ հակամարտությանը չմիջամտելու անհրաժեշտությունը: 

Նախարար Մնացականյանն իր հերթին բարձր է գնահատել Կանադայի ղեկավարության սկզբունքային որոշումը՝ իրականացվող հետաքննության շրջանակներում կասեցնել Թուրքիա ռազմավարական նշանակության ապրանքների արտահանման թույլտվությունները։ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությանը հնարավոր է հակազդել բացառապես միջազգային հանրության վճռական և գործուն ջանքերի միջոցով: