Փաշինյանը պատրաստ է ժամանել Մոսկվա և բանակցել Ալիևի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել ժամանել Մոսկվա՝ հանդիպելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունների համար:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, դա մեր դիրքորոշումն է։ Ցավոք, Ադրբեջանը համաձայն չէ այդ տեսակետի հետ։ Եվ ես պատրաստ եմ գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը նման արդյունքի հասնելու համար, այդ թվում՝ գնալ, հանդիպել, խոսել», – ասել է Հայաստանի վարչապետը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, թե պատրաստ է արդյոք ինքը ժամանել Մոսկվա, որպեսզի հանդիպի իր ադրբեջանցի պաշտոնակցին ՌԴ միջնորդությամբ։

Ընդ որում, Փաշինյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության լուծումը պետք է հիմնված լինի փոխզիջման վրա: «Ոչ թե կողմերից մեկի կապիտուլյացիայի, այլ փոխզիջման վրա», – ընդգծել է նա:

«Եւ եթե չկա պատրաստակամություն մյուս կողմից, մենք պատրաստ ենք մինչև վերջ պայքարել մեր ժողովրդի իրավունքների, Լեռնային Ղարաբաղում մեր հայրենակիցների իրավունքների համար, – շարունակել է Փաշինյանը: – Ես կարծում եմ, որ դա Հայաստանի կառավարության, Հայաստանի ժողովրդի, հայկական սփյուռքի դիրքորոշումն է, ես կարծում եմ, որ դա ազնիվ և կառուցողական դիրքորոշում է»։

ՏԱՍՍ գործակալությանը հարցազրույց է տվել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։