Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ

Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ․ այս մասին տեղեկանում ենք ՌԴ նախագահի պաշտոնական կայքից։

Հոկտեմբերի 16-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության` ֆրանսիացի ուսուցչի բարբարոսական սպանության համատեքստում հաստատվել է երկուստեք շահագրգռվածությունը ահաբեկչության դեմ պայքարի և ծայրահեղական գաղափարախոսության տարածման ուղղությամբ համատեղ ջանքերի ակտիվացման հարցում:

Մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռազմական գործողությունների հետագա էսկալացիայի կանխման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական-դիվանագիտական կարգավորման նպատակով բանակցությունների շուտափույթ վերսկսման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին: Շեշտվել է հոկտեմբերի 10-ին և 17-ին հակամարտող կողմերի միջև ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունների պահպանման կարևորությունը։

Ընդգծվել է Ռուսաստանի և Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գծով սերտ համակարգումը շարունակելու պատրաստակամությունը:

Մեկնաբանել