Անօդաչու թռչող սարքեր. էական գործոն ներկա և ապագա պատերազմներում

Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի նախաձեռնած լայնածավալ պատերազմի բնորոշ գծերից մեկը անօդաչու թռչող սարքերի (դրոնների) զանգվածային օգտագործումն է։ Օտարերկրյա մի շարք ռազմական փորձագետներ արդեն պնդում են, որ այս պատերազմը թերևս պատմության մեջ կմտնի նաև որպես «դրոնների առաջին պատերազմ»։ Զգալի են նաև վերլուծություններն այն մասին, թե արդյոք դրոնների զանգվածային օգտագործումն էականորեն նվազեցնում է զրահատեխնիկայի և, մասնավորապես, տանկերի դերը ժամանակակից պատերազմներում, քանի որ վերջիններս շատ հաճախ հեշտ թիրախների են վերածվում դրոնների համար։ Կան նաև մասնագետներ, որոնք պնդում են, որ հակաօդային պաշտպանության համապատասխան միջոցների ինտենսիվ կիրառության դեպքում հնարավոր է էականորեն նվազեցնել դրոնների արդյունավետությունը։ Հետևաբար, դեռևս վաղ է խոսել այն մասին, որ ապագայում ռազմական գործողություններն ավելի ու ավելի են նմանվելու «համակարգչային խաղերի», երբ իրարից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող մասնագետները ջոյստիկների օգնությամբ կառավարելու են միմյանց դեմ կռվող դրոններին։

Վերջին տարիներին ինտենսիվ հետազոտություններ են կատարվում դրոնների օգտագործման մեջ արհեստական բանականության դերի մեծացման ուղղությամբ։ Նոր մշակվող տեխնոլոգիաները ենթադրում են դրոնների կառավարումն ու միմյանց միջև տեղեկատվության փոխանցումն իրականացնել արհեստական բանականության միջոցով։ Այդ դեպքում աստիճանաբար պատմության գիրկը կանցնի մարդկանց միջոցով դրոնների կառավարումը և վերջիններիս կվերածվեն լիովին ինքնուրույն և ավտոմատ համակարգերի։ Դրոնների կիրառման նոր տեխնոլոգիաների թվում է նաև այսպես կոչված «դրոնային պարսերի» օգտագործումը, երբ միաժամանակ մարտադաշտ են նետվում արհեստական բանականության միջոցով միմյանց հետ փոխգործակցող հազարավոր դրոններ։ Ռազմական մի շարք վերլուծաբաններ գտնում են, որ ոչ հեռու ապագայում ավիակիրների փոխարեն պետությունները կսկսեն օգտագործել դրոնների պարսերով զինված նավեր, որոնք կլինեն նույնքան արդյունավետ, որքան ներկայիս ավիակիրները, սակայն շատ ավելի մատչելի։

Դրոնների կիրառության մասին խոսելիս հարկ է ընդգծել, որ անընդհատ զարգացող տեխնոլոգիաները հանգեցնում են նաև դրոնների գների նվազման։ Սա առաջին հերթին վերաբերում է «կամիկաձե» դրոններին, որոնք իրենցից ներկայացնում են կառավարվող արկեր։ Դեռ համեմատաբար թանկ են հարվածային դրոնները, որոնք հնարավորություն ունեն կառավարվող հրթիռային հարվածներ հասցնել նշանակետերին, վերադառնալ, վերալիցքավորվել և ձեռնամուխ լինել նոր առաջադրանքի կատարմանը։ Սակայն տեխնոլոգիաների զարգացումն անխուսափելիորեն հանգեցնելու է նաև դրանց արժեքի նվազմանը, ինչը հնարավորություն կտա նույնիսկ ոչ մեծ չափերի ռազմական բյուջե ունեցող պետություններին, կամ ոչ պետական զանազան խմբավորումներին ակտիվորեն կիրառել նմանատիպ դրոններ։ Այս հանգամանքն իր հերթին կարող է նպաստել ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ ավելի մեծ թվով որոշումների ընդունմանը և միջազգային և տարածաշրջանային մակարդակով անկայունության ծավալմանը։

Ներկայում դրոնների արտադրության բնագավառում աշխարհում առաջատար դիրքեր են զբաղեցնում ԱՄՆ-ը, Չինաստանը, Իսրայելը։ Վերջին տարիներին այս ուղղությամբ զգալի առաջընթաց է արձանագրել Թուրքիան, ինչպես նաև Իրանը։ Չնայած սեփական գերզարգացած ռազմաարդյունաբերական համակարգի առկայությանը, Ռուսաստանն առայժմ հետ է մնում այս ոլորտում՝ ավելի շատ ուշադրություն դարձնելով դրոնների դեմ պայքարի հակաօդային պաշտպանության միջոցների ստեղծմանը։

Մարտական դրոնների ակտիվ օգտագործումը սկսվել է ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշ Կրտսերի օրոք ահաբեկչության դեմ պատերազմի շրջանակում։ Դրոնների օգնությամբ ամերիկացիները ոչնչացնում էին ահաբեկիչների Պակիստանի, Աֆղանստանի, Սոմալիի, Եմենի տարածքում։ 2001 – 2008 թթ. ԱՄՆ-ը դրոնների օգնությամբ իրականացրել է 57 հարված։ Նախագահ Օբամայի վարչակարգը կտրուկ ավելացրեց դրոնների կիրառումը ահաբեկչության դեմ մղվող պայքարում՝ 2009-2016 թթ. ընթացքում հասցնելով 563 հարված։ Ամերիկյան հետաքննող լրագրողների բյուրոյի տվյալների համաձայն, այդ հարվածների ընթացքում սպանված քաղաքացիական անձանց թիվը տատանվում է 384-ից 807-ի միջև։

Հարկ է նշել, որ դրոնների կիրառմամբ ահաբեկիչներին ֆիզիկապես ոչնչացնելու գործողությունները ոչ միանշանակ են ընկալվում ԱՄՆ-ում։ Շատերը դա համարում են մահապատժի իրականացում, ընդ որում առանց որևէ դատավարության և դատարանի որոշման։ Սակայն ԱՄՆ-ը շարունակում է դրոնների կիրառումը նաև Թրամփի օրոք։ Այդ գործողություններից թերևս ամենանշանավորը 2020 թ. հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի տարածքում Իրանի հատուկ նշանակության Կուդս ուժերի հրակմանատար, գեներալ Կասեմ Սուլեյմանիի սպանությունն էր 64 միլիոն դոլար արժողությամբ MQ-9 Reaper դրոնի միջոցով։

Չնայած առկա տարբեր կարծիքներին, ռազմական փորձագետները հիմնականում համոզված են, որ դրոնների կիրառումը ռազմական գործողություններում աստիճանաբար ընդլայնվելու է, և դրանք դեռ երկար ժամանակ էական դեր են խաղալու մարտադաշտում։

Մեկնաբանել