Արցախի հարցում այս փուլում դիվանագիտական լուծում չկա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսեց ռազմաճակատում իրավիճակի և առաջիկա անելիքների մասին։ Նա կոչ արեց կազմակերպություններին, քաղաքապետերին, գյուղապետերին կազմակերպել քաղաքացիների կամավորագրումը՝ հայ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար։ Նա շեշտեց՝ արցախյան հարցը ներկա փուլում դիվանագիտական կարգավորում չունի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերի ուղերձները

– Առանց Արցախի չկա Հայաստան եւ, հետևաբար, պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքը նշանակում է պաշտպանել հայ ժողովրդի իրավունքը: Իսկ դա այսօր նշանակում է զենք վերցնել եւ կռվել հանուն այդ իրավունքների:

– Իրավիճակը մեզ այլ ընտրություն, բացի հաղթանակը, չի թողնում: Չկա միջանկյալ տարբերակ: Կա հաղթանակ, եւ կա պարտություն: Եվ հաղթանակը պահանջում է մեզնից յուրաքանչյուրի ջանքը:

– Տեղական ինքնակառավարման մարմիններ, պետական կառավարման մարմիններ, կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, քաղաքացիական նախաձեռնություններ՝ բոլորը պետք է ձեւավորեն ինքնապաշտպանական ջոկատներ եւ բոլոր այդ ջոկատները պետք է գործեն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ենթակայության ներքո:

– Ադրբեջանն այսօր ասում է, որ որեւէ այլ բանի, բացի Ղարաբաղի կապիտուլյացիայից, համաձայն չէ:

– Այո, Ադրբեջանի ռեսուրսները շատ-շատ մեծ են, բայց մեր հերոսական զինվորներն աննկարագրելի ծավալի կորուստներ են պատճառում:

– Շատ բարձր եմ գնահատում Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցությունը. մենք զգում ենք Ռուսաստանի աջակցությունը որպես Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի ռազմավարական դաշնակից:

– Ուզում եմ, որ մենք բոլորս մեր հոգում եւ մտքում ուժեղացնենք, կառուցենք, կոփենք հաղթանակի կամքը եւ հաղթանակի ոգին: Ես սա համարում եմ շրջադարձային պահ, որովհետեւ մենք ցեղասպանություն տեսած եւ ապրած ժողովուրդ ենք:

– Մեր առաջին ազատամարտի հերոսները՝ Մոնթե Մելքոնյանը, Թաթուլ Կրպեյանը, Ջիվան Աբրահամյանը, Մովսես Գորգիսյանը, Վազգեն Սարգսյանը, նայում են մեզ: Եվ մենք պետք է նայենք իրենց ու իրենց աչքերի մեջ ու մենք պետք է առիթ չունենանք մեր հայացքը փախցնել նրանցից: Որովհետև նրանք հայրենիքին տվեցին ամեն ինչ ու չխնայեցին ոչինչ: Հիմա եկել է մեր ժամը՝ հայրենիքին տալ ամեն ինչ եւ չխնայել ոչինչ:

– Հաղթանակի կամքը մեզ պետք է ասի, որ մենք չենք նահանջի, մենք չենք ընկրկի, մենք չենք կոտրվի: Մեզ հնարավոր չէ հաղթել: Եվ մենք կհաղթենք: Այդ հաղթանակը կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես:

Մեկնաբանել