ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը «Հայկական ջարդեր» խորագիրը փոխարինել է «Հայոց ցեղասպանություն» խորագրով

ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի որոշմամբ «Հայկական ջարդեր» խորագրի տակ գտնվող գրքերը և այլ նյութերն այսուհետ կդասակարգվեն «Հայոց ցեղասպանություն» խորագրի տակ։ Ինչպես հայտնում է Asbarez պարբերականը՝ Կոնգրեսի գրադարանը նման որոշում է ընդունել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի և մի քանի կոնգրեսականների կողմից մեկնարկած արշավի արդյունքում։

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով՝ Կոնգրեսի գրադարանի կողմից այս վաղուց սպասված շտկումը տեղի է ունենում ամերիկահայերի համար շատ կարևոր պահի։

Կոնգրեսի գրադարանին նման փոփոխություն կատարելու կոչով նամակներ են ուղղել ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Գաս Բիլիրակիսը, Դինա Տիտուսը, Ֆրենկ Փալոնը, Ջեքի Սպեյերը և սենատոր Բոբ Մենենդեսը։

Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանը նույնպես մեծ դերակատարում է ունեցել այս փոփոխության մեջ՝ պաշտոնական դիմում ուղարկելով Կոնգրեսի գրադարանին անցյալ ամիս։

Տեղի ունեցած փոփոխությունը ողջունել է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը՝ այն անվանելով ծննդյան առթիվ լավագույն նվերը։

Մեկնաբանել